Պիտեր Սեմնեբի՝ «Ժամանակ ձգելը կողմերից որեւէ մեկին ձեռնտու չէ»

Ժամանակ ձգելը Ղարաբաղի հակամարտության մեջ ներքաշված որեւէ կողմին ձեռնտու չէ՝ այսօր Երեւանում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա հավաստիացրեց, որ Եվրամիությունը հնարավոր միջոցները կգործադրի խնդրի կարգավորմանը աջակցելու համար:

Նշելով, որ Եվրամիության նախկին ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն «բավական լավ հիմքեր է ստեղծել համագործակցության համար», Սեմնեբին, որն առաջին անգամ է ժամանել Հայաստան, ասաց, որ իր մանդատը մի փոքր այլ է լինելու: «Դա բնավ չի նշանակում, որ անելու եմ ինչ-֊որ բան, որը իմ նախորդը չի արել, բայց Եվրամիությունից քաղաքական ազդանշան է ստացվել, որ այդ կառույցը ցանկանում է ավելի խորը ներգրավված լինել հակամարտությունների կարգավորման գործընթացում»:

«Ես, իհարկե, չեմ ասում, թե պետք է փոխել Մինսկի խմբի ֆորմատը՝ Մինսկի խումբը շատ լավ է գործում»,֊ փաստեց Եվրամիության ներկայացուցիչը: Նրա կարծիքով, «Ռամբույեից հետո ջանքեր են գործադրվում հակամարտության կարգավորման ուղղությամբ: Անշուշտ, կա հնարավորության պատուհան, եւ պետք է օգտվել այդ հնարավորությունից»:


Ռուզաննա Ստեփանյան