Մոսկվան եւ Թբիլիսին կստորագրեն ռուսաստանյան զորքերի դուրսբերման կարգի մասին համաձայնագիր

Ուրբաթ օրը Սոչիում Ռուսաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունները կստորագրեն Վրաստանի տարածքում ռուսական ռազմակայանների գործունեության պայմանների եւ դուրսբերման կարգի մասին համաձայնագրերը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ փաստաթղթերում ամրագրված են Վրաստանից ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ժամկետները՝ մինչեւ 2008 թվականի վերջը, ինչպես նաեւ Վրաստանի տարածքով Ռուսաստանի ռազմակայանների անձնակազմի եւ ռազմական տեխնիկայի տարանցիկ փոխադրման հետ կապված հարցերը:

Համաձայնագրերը, որոնք վերջնականապես հաստատել են երկու պետությունների կառավարությունները, ստորագրելու են Ռուսաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Մասլովը եւ Վրաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Մամուկա Կուդավան:

«Կրասնայա զվեզդա» թերթը այսօր տեղեկացնում է, որ Թբիլիսի է ժամանել Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Բարանովը, ով ստուգելու է, թե որքանով են ռուսաստանյան ռազմակայանները պատրաստ տեխնիկայի եւ սպառազինության դուրսբերմանը Վրաստանի տարածքից:

Միաժամանակ թերթը հայտնում է, որ սպառազինության դուրսբերումը Ախալկալակի 62-րդ ռազմակայանից իրականացվելու է մայիսի 18-ից մինչեւ օգոստոսի 12-ը, երբ սպառազինության գերակշիռ մասը Բաթումիից ծովային ճանապարհով կտեղափոխվի Ռուսաստան: Մոտ 35 միավոր տեխնիկա կտեղափոխվի Գյումրիի 102-րդ ռազմակայան: