Իլհամ Ալիեւ. «Հայաստանը երբեք չի կարողանա մրցակցել Ադրբեջանի հետ»

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, Բաքվում աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Հայաստանը երբեք չի կարողանա մրցակցել Ադրբեջանի հետ:

«Ադրբեջանը տարեցտարի ուժեղացնում է իր ռազմական ներուժը: Ես նպատակ էի դրել, որ առաջիկայում Ադրբեջանի ռազմական բյուջեն հավասարվի Հայաստանի ողջ բյուջեին: Հայաստանը երբեք չի կարողանա մրցակցել մեզ հետ: Ինչքան շուտ Հայաստանի ղեկավարությունը ըմբռնի դա, այնքան լավ իրենց համար», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանը պետք է վերանայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցություններին՝ եթե տեսնի, որ Հայաստանը խախտում է բանակցային գործընթացը եւ կառուցողական մոտեցում չի ցուցաբերում:

«Խաղաղ բանակցությունները շարունակվում են արդեն 12 տարի, սակայն որեւէ դրական արդյունք չեն տալիս: Եվ հայտնի չէ, թե դեռ որքան պիտի շարունակվեն: Մենք հավատարիմ ենք խաղաղ գործընթացին, սակայն երբ հանդիպում ենք ոչ կառուցողական դիրքորոշման Հայաստանի կողմից, որը անկեղծ չէ, մեր համբերությունը սպառվում է: Եթե Ադրբեջանը տեսնի, որ բանակցային գործընթացը իմիտացիայի բնույթ է կրում, կհրաժարվի դրան մասնակցելուց», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւը նաեւ նշել է, որ Ադրբեջանը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի օտարում ոչ 10, ոչ 100 տարի հետո:

«Առանց փախստականների վերադարձի հարցի լուծման ոչ մի խաղաղ համաձայնագիր չի լինի», - շեշտել է Իլհամ Ալիեւը: