Թուրքիայի նախագահը ժամանում է Թբիլիսի

Երեքշաբթի օրը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանելու Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեջեթ Սեզերը:

Վրաստանի նախագահի աշխատակազմից «Կովկասպրես» գործակալությանը հայտնել են, որ այսօր տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Սեզերի եւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլու առանձնազրույցը, որից հետո կայանալու են ընդլայնված կազմով բանակցություններ: Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում է մի շարք համաձայնագրերի ստորագրում:

Չորեքաշաբթի օրը Թուրքիայի նախագահը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու հետ, ինչից հետո վերադառնալու է Թուրքիա, իսկ պատվիրակության մյուս անդամները Վրաստանում մնալու են եւս մեկ օր: