Նշվեց Սումգայիթի զոհերի հիշատակի օրը

Երեքշաբթի առավոտյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ երկրի հոգեւոր եւ իշխանական ողջ վերնախավը այցելեց Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեց 1988 թվականին Սումգայիթում զոհված հայերի հիշատակին: Իսկ Հանրապետության հրապարակում հազարավոր մարդիկ մասնակցեցին զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքին ու երթին դեպի Ծիծեռնակաբերդ:

Թեեւ 1988-ից ի վեր ամեն տարի մարդիկ այս օրը այցելում էին Ծիծեռնակաբերդ՝ հարգելու բարբարոսություններին զոհ գնացած հայերի հիշատակը, այս տարի առաջին անգամ Սումգայիթի զոհերի հիշատակը նշվում է պաշտոնապես: Անցյալ տարի Դաշնակցության նախաձեռնությամբ փետրվարի 28-ը օրենքով սահմանվեց Սումգայիթի զոհերի հիշատակի օր՝ հետեւյալ ձեւակերպմամբ. - «Ադրբեջանական ԽՍՀՄ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր»:

«Վայրագություն է տեղի ունեցել: Մենք պարտավոր ենք հարգել այդ մարդկանց հիշատակը, ովքեր զոհ գնացին վայրենի բարքերի», - լրագրողներին ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - «Պատժել կազմակերպիչներին, ցավոք սրտի, այսօր մեր ուժերից վեր է: Մենք ուղղակի մշտապես մեր բողոքի ձայնը պիտի բարձրացնենք»:

Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի մեկնաբանությամբ՝ Սումգայիթը «մեկ անգամ եւս մեզ հիշեցնում է, որ հայ ժողովուրդը պարտավոր է հույսը դնել նախ եւ առաջ իր վրա»:

Այդուամենայնիվ երեկ Ազգային ժողովի խումբ-խմբակցությունները հանդես եկան ադրբեջանական վանդալիզմը դատապարող եւ միջազգային հանրությունից վճռական դիրքորոշում ակնկալող հայտարարությամբ:

Հանրապետության հրապարակ հանրահավաքի էին եկել մայրաքաղաքի դպրոցներից, բուհերից, առողջապահական հիմնարկներից մի քանի հազար մարդ: Կազմակերպիչները նախատեսել էին հանրահավաքից հետո երթ նախ դեպի օտարերկրյա դեսպանատները, ապա դեպի Ծիծեռնակաբերդ:


Կարինե Քալանթարյան