Մամուլի տեսություն

«Չորրորդ իշխանություն»-ը արձանագրում է. - «Իշխող կոալիցիան երեկ հանդես է եկել համատեղ հայտարությամբ, որով վստահեցնում է, թե անելու է ամեն ինչ՝ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունենրը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Փաստորեն կոալիցան վերահաստատում է, որ մինչեւ վերջ հավատարիմ է մնալու «չորս տարով կնքած պայամագրին»:

Թերթը նաեւ հավելում է. - «Իհարկե, հավատարիմ է մնալու: Մանավանդ որ կոալիցիայի չորրորդ կողմը՝ Քոչարյանը, ձեռքին մահակ ունի, որով կարող է կոալիցիային ստիպել «խելոք մնալ», իսկ ներքին տարաձայնություններն այստեղ որեւէ դեր չեն խաղում: Ռուսական «տրոյկայի» ձիերն էլ վազելիս տարբեր կողմեր են նայում, բայց սլանում են նույն ուղղությամբ: Իսկ ուղղությունը որոշում է նա, ում ձեռքին մտրակն է»:

Կոալիցիոն կուսակցությունների հայտարարությունը «բավականին զավեշտալի» որակելով, «168 ժամ»-ը հեգնում է. - «Այսուհետ նրանք պարտավորվում են մինչեւ 2007 թվականի ընտրություններն իրար հետ ապրել հաշտ ու համերաշխ, եւ որ այսուհետ պետք է հարգեն ու սիրեն միմյանց, իրար վրա «բոչկա» չգլորեն, չարություն չանեն»:

«Իրավունք»-ի մատուցմամբ, հայտարարության տեքստում այդպես էլ գրված չէ, որ կոալիցիան պետք է նույն ձեւաչափով աշխատի մինչեւ 2007-ը. - «Ավելին, հայտարարության մեջ չկա նաեւ նշված որեւէ երաշխիք միմյանց, մեղմ ասած, չփչացնելու համար. նույն կոալիցիայի մաս կազմող կուսակցությունենրի ներկայացուցիչները դժգոհում էին ձեռք բերված պայմանավորվածություններից շեղվելու առնչությամբ», - փոխանցում է մեկնաբանը՝ եզրահանգելով. -«Կոալիցիան ընդամենը արհեստականորեն է իր գոյությունը պահպանելու»:

«Համագործակցությունը կշարունակվի առնվազն մինչեւ ընտրությունների մեկնարկը», - արձանագրում է «Հայոց աշխահր»-ը:

«Հայաստանի Հանրապետության» հայացքով. - «ԱԺ գարնանային նստաշրջանը երեկ բավական բուռն սկսվեց. քառօրյայի օրակարգում ներառված էր մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը, եւ ընդդիմությունը ձմեռային արձակուրդից հետո կուտակված էներգիան իրացնելու ջանք չխնայեց»:

«Կոալիցիան խախտեց մեկ թեկնածուով մրցապայքարի դուրս գալու իր ավանդույթը, եւ ոչ միայն չզրկեց ընդդիմությանն իր թեկնածուով հանդես գալու հնարավորությունից, այլեւ մեծահոգաբար մի քանի ստորագրություն էլ իր կողմից ապահովեց, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանի իրենց թեկնածու Արմեն Հարությունյանը «միայնակ» չմնա: Այսինքն, ինչպես նշեց Հմայակ Հովհաննիսյանը, ու նաեւ հաստատեց Գալուստ Սահակյանը, Ռուբեն Թորոսյանն ընդամենը «բուտաֆորիա» էր», - արձանագրում է «168 ժամ»-ը:

«Հայկական ժամանակ»-ի գնահատմամբ. - «Ռուբեն Թորոսյանը երեկ իր ելույթում անարգանքի սյունին է գամել իշխանական կոալիցիային, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կառավարության մի շարք անդամների, եւ ՀՀ-ում ձեւավորված իշխանական համակարգն ընդհանրապես: Թորոսյանի ելույթը շոկ է հարուցել խորհրդարանի իշխանամետ հատվածում, որտեղ իրադարձությունների այսօրինակ զարգացման չեն սպասել»:

Փաստելով, որ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հրաժարվում է տարեկան զեկույցը տրամադրել Ազգային ժողովին, «Հայկական ժամանակ»-ը շեշտադրում է. - «Սա, ըստ էության, Ալավերդյանի կողմից բողոքի ակցիա է խորհրդարանի կայացրած այն որոշման դեմ, որ առաջին պաշտպանի զեկույցը պետք է խորհրդարանում հրապարակի ՀՀ նորընտիր պաշտպանը»:

«Իրավունք»-ի հարցազրույցում էլ Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը նշում է. - «Երբ որեւէ մեկի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է եւ կան ինչ-ինչ խնդիրներ, որոնք դեռեւս չեն լուծվել, բնականաբար դրանք փոխանցվում են հաջորդ պաշտոնյային: Պիտի ժառանգականություն ապահովվի ու համոզված եմ, որ այս դեպքում էլ դա կապահովվի, եւ հավետվությունն անպայման կներկայացվի»:

Հիշեցնելով, որ անցյալ տարի մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը խորհրդարանում քննարկվում էր ընդամենը 7 պատգամավորի մասնակցությամբ, «Գոլոս Արմենիի»-ն եզրակացնում է. -«Այս տարի ամեն ինչն ավելի քան բացահայտ է. տարեկան զեկույցի ներկայացնելու իրավունքը հանձնելով նոր ընտրվող պաշտպանին, խորհրդարանի ղեկավարությունը փաստորեն ընդունում է այդ զեկույցի բաձարձակ ձեւական լինելու հանգամանքը: Միայն թե ինչ-որ բան լսվի եւ հավանություն տրվի»:

«Առավոտ»-ի խմբագրի հայացքով. - «ժողովրդավարության, բազմակարծության, ազատ ինքնարտահայտման հույսերի շրջանը անշեղորեն փոխարինվում է բրեժնեվյան լճացման տիպի ժամանակաշրջանով: Փողով եւ կարիերայի խոստումներով երիտասարդներին զոմբիացնում են, որպեսզի նրանք կարեւոր պահերին եւ հատկապես ընտրությունների ժամանակ, ցույց տան իրենց նվիրվածությունն ու անսահման սերը հայրենի իշխանությունների եւ անձամբ նախագահի նկատմամբ»:

«Ավելի քան մեկամսյա տվայտանքներից հետո Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, ունեցավ մշակույթի, երիտասրադության հարցերի նոր նախարար: Չգիտենք, թե անկախ Հայաստանի մշակույթի որերոդ նախարարն է Գեւորգ Գեւորգյանը, բայց ուզում ենք համոզված լինել, որ նա, թերեւս, իսկական նախարար է լինելու եւ աշխատելու է մեր մշակույթը աշխարհին արժանավայել ներկայացնելու օգտին», - հուսադրում է «Ազգ»-ը:

Անդրադառնալով այն լուրերին, թե «Ազգային միաբանություն»-ից հեռանալուց հետո Ազգային Ժողովի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը անդամակցելու է «ժողպատգամավոր» խմբին, վերջինս «Իրավունք»-ում պարզաբանում է. - «Ամեն թռչուն իր երամի հետ է թռչում... ես ծնունդով ապարանցի եմ ու այսուհետ միայն ապարանցիների հետ եմ լինելու»:


Հրաչ Մելքումյան