Արմեն Սմբատյան. «Ռուսական գազի սակագնի շուրջ պարզություն կմտցվի երկու շաբաթից»

Մեկնաբանելով Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագնի շուրջ բանակցությունների ընթացքը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը «Ազատություն» ռադիոկակայանին փոխանցեց, որ ստեղծվել է մասնագետների խումբ, ովքեր ուսումնասիրում են հարցը եւ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներին պետք է ներկայացնեն առաջարկություններ:

«Կարող եմ ասել, որ երկու կողմից էլ դրական տրամադրվածություն կա, որպեսզի գտնվի փոխզիջումային մի ձեւ, որ կբավարարի ե’ւ հայկական, եւ ռուսական կողմերին», - նշեց դեսպանը:

Նրա խոսքերով, Ռուսաստանում այդ աշխատանքները ղեկավարում է էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենտոն, ով հանձնարարական է ստացել անմիջապես նախագահ Պուտինից:

Հարցին, թե արդո՞ք գազի սակագինը պահպանելու դիմաց Ռուսաստանը որեւէ առաջարկ չի արել Հայաստանին, Արմեն Սմբատյանը պատասխանեց. - «Ես տեղեկություններ չունեմ, թե ի՞նչ կոնկրետ առաջարկներ են արվել, դա փակ ինֆորմացիա է: Երկու շաբաթից կամ գուցե ավելի շուտ ամեն ինչ պարզ կդառնա»:


Ազա Բաբայան, Մոսկվա