Թբիլիսիի բնակչության լիարժեք գազամատակարարումը կվերականգնվի հինգշաբթի օրը

Վրաստանի էներգետիկայի նախարար Նիկա Գիլաուրին այսօր հայտնել է, որ Թբիլիսիի եւ Վրաստանի խոշոր քաղաքների գազամատակարարումը ամբողջ ծավալով վերականգնվելու է հինգշաբթի օրը, իսկ այսօր Վրաստանի մայրաքաղաքի բնակչությունը գազ կստանա 85 տոկոս չափով:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով էներգամատակարմանը, Գիլաուրին ասել է, որ բուքի պատճառով «Իմերեթի» բարձրավոլտ կայանի վթարի հետեւանքները ամբողջությամբ կվերացվեն փետրվարին 4-ին, եւ բնակչության շուրջօրյա էլեկտրամատակարարումը կվերականգնվի:

Իսկ «Կովկասպրես» գործակալությունը փոխանցում է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու խոսքերը, թե «ուժով ոչ ոք չի կարող ստիպել Վրաստանին վաճառել մայր գազատարը»:

Հարավային Կովկասը սնող մայր գազատարը Ռուսաստանին վաճառելու դեմ է հանդես գալիս Միացյալ Նահանգները՝ համարելով այն ռազմավարական օբյեկտ Վրաստանի համար: Ավելին, ԱՄՆ-ը «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակներում 70 միլիոն դոլար է հատկացնում դրա վերականգնմանը: