Ռուսաստանյան գազի մատակարարումը Վրաստանին եւ Հայաստանին կվերսկսվի շաբաթ օրը

Ռուսաստանյան գազի մատակարարումը Վրաստանին եւ Հայաստանին, որը դադարեցվել էր այս շաբաթ Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, կվերսկսվի շաբաթ օրը: Այդ մասին, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի Մցխեթա֊-Թիանեթի մարզի նահանգապետ Վասիլ Մագլափերիձեն, որն այցելել է այն վայրը, որտեղ վերանորոգվում է գազատարը:

Նրա վկայությամբ, «Կովկաստրանսգազ» ընկերության ներկայացուցիչները հավաստիացրել են իրեն, որ «գազի մատակարարումը կվերսկսվի շաբաթ երեկոյան, ծայրագույն դեպքում՝ կիրակի առավոտյան»:

Հունվարի 22-֊ին պայթեցվել էր Մոզդոկ -֊ Թբիլիսի գազատարը, ինչի հետեւանքով Վրաստանը եւ Հայաստանը զրկվել են ռուսաստանյան գազից:

Հայաստանում այս օրերին գազամատակարարումն իրակացվում է պահեստավորված գազի հաշվին: Այսօր ավելի վաղ «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում. - «Մենք դեռ շարունակում ենք պահեստավորված գազի հաշվին մատակարարում իրականացնել»:

Հարցին, թե կլինե՞ն արդյոք գազամատակարարման սահմանափակումներ, Սարդարյանը պատասխանել էր. - «Եթե խոստացված ժամկետում ավարտեն [վերանորոգման աշխատանքները]՝ իրենց խոստացած ժամկետը գոնե 27-ն է, մենք լուրջ սահմանափակումների չենք դիմի»:


Աստղիկ Բեդեւյան