Թռչնագրիպի տագնապ Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից նահանգում

Թուրքիայի իշխանությունները կարանտին են հայտարարել Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից Իգդիրի նահանգի Արալիք քաղաքում, որտեղ 1500 սատկած ճտերի մոտ թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել:

Ըստ «Անատոլիա» գործակալության, կարանտինը ներառում է 10 կիլոմետր շառավղով գոտի: Կառավարությունը վնասազերծող նյութեր եւ հատուկ սարքավորում է ուղարկել Արալիք:

Թուրքիայի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ հատուկ ծանուցագրեր կուղարկվեն հարեւան երկրների՝ Հայաստանի, Իրանի եւ Ադրբեջանի համապատասխան գերատեսչություններին: