Ադրբեջանցիները Ռամիլ Սաֆարովին տուն վերադարձնելու հույս են փայփայում

Ադրբեջանական «Զերկալո» օրաթերթի փոխանցմամբ, Բուդապեշտի դատարանում Ռամիլ Սաֆարովի դատավճիռը հրապարակելուց հետո հնարավոր կլինի նրան տեղափոխել Ադրբեջան, որտեղ նա կշարունակի կրել պատիժը: Նման հայտարարություն է արել Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմայլովը:

Փաստաբանի խոսքերով, այդ հնարավորությունն ընձեռում է 1983 թվականի մարտի 21-ի Եվրոպական կոնվենցիան, որի համաձայն, կոնվենցիայի անդամ երկրի քաղաքացին կոնվենցիայի անդամ մեկ այլ երկրի տարածքում հանցագործություն կատարելու դեպքում կարող է պատիժը կրելու համար փոխանցվել իր երկրին:

«Ե’վ Ադրբեջանը, ե’ւ Հունգարիան տվյալ կոնվենցիայի անդամներ են: Դատավճռի հրապարակումից հետո մենք այդ հարցը կարծարծենք Բուդապեշտի դատարանում: Եթե Հունգարիայի իշխանությունները հարգանք դրսեւորեն միջազգային օրենքների նկատմամբ, Ռամիլ Սաֆարովին հնարավոր կլինի փոխանցել Ադրբեջանին», - ասել է փաստաբան Իսմայլովը:


Արմեն Քոլոյան, Պրահա