Սթիվեն Մանն. «Բանակցային գործընթացի առումով 2005 թվականը դրամատիկ տարի չէր»

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը պնդում է, որ ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի առումով 2005 թվականը «դրամատիկ տարի չէր»:

«Պրահյան գործընթացը 2005 թվականին ընթանում էր ճիշտ ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության բացառիկ հարցազրույցում ասել է Սթիվեն Մաննը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կրկնել է վերջին ամիսներին բազմիցս հնչած պնդումը, թե 2006 թվականին ընտրությունների բացակայությունը Ադրբեջանում եւ Հայաստանում հնարավոր լուծումներին նպաստող գլխավոր գործոններից է:

«2002-2003 թվականներին այդ պատճառով նախագահները չկարողացան կենտրոնանալ այս խնդրի վրա: 2006 թվականին քաղաքական դաշտը Հայաստանում եւ Ադրբեջանում մաքուր է լինելու», - կարծում է Սթիվեն Մաննը:

Անդրադառնալով բանակցային գործընթացի առաջիկա զարգացումներին, Մաննը նշել է, թե համանախագահները երկու կողմերի հետ որոշում են նախագահների հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետները:

«Մինչեւ նախագահների հանդիպումը, տեղի կունենա արտգործնախարարների հանդիպումը՝ համանախագահների մասնակցությամբ: Ենթադրում եմ, որ դա կլինի հունվարին», - հայտնել է Սթիվեն Մաննը եւ ավելացրել. - «Մենք բազմաթիվ խնդիրներ ունենք օրակարգում, սակայն, կարծում եմ, իրատեսական է համարել, որ 2006 թվականին մենք կարող ենք հասնել զգալի առաջընթացի»:

Ամերիկացի համանախագահի խոսքով, խաղաղ կարգավորման ընթացքում շատ զգալի է լինելու հայկական եւ ադրբեջանական հասարակությունների ազդեցությունը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա