Վրաստանի արտգործնախարարը՝ Բաքվում

Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Էրլմար Մամեդյարովի եւ Գելա Բեժուաշվիլու՝ Բաքվում հինգշաբթի օրը կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը եւ էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի արտգործնախարարը հայտնել է, որ անդրադարձ է եղել նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի էներգետիկ անվտանգությանը, եւ այդ առումով շեշտը դրվել է Միջին Ասիայից Եվրոպա վառելիքի տարանցիկ փոխադրման հարցում կողմերի հնարավորության վրա:

«Մենք նաեւ քննարկել ենք տրասնատլանտյան էներգետիկ հայեցակարգի գաղափարը», - բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում ասել է Գելա Բեժուաշվիլին՝ ավելացնելով, թե Վրաստանը ցանկանում է մեծացնել Ադրբեջանից մատակարարվող գազի եւ վառելիքի ծավալները: