Գրոսն ու Հերկելը գտնում են, որ Ադրբեջանում ժողովրդավարություն գոյություն չունի

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցող Անդրես Հերկելը Բաքվի «Զերկալո» թերթի հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանում ժողովրդավարություն գոյություն չունի:

«Ադրբեջանում ժողովրդավարություն որպես այդպիսին գոյություն չունի, կա միայն դրա նմանակում: Կարծում եմ, եթե ընդդիմությունը ներկայացված չլինի խորհրդարանում եւ կրկնվեն նոյեմբերի 26-ի իրադարձությունները, ապա ժողովրդավարական զարգացման մասին խոսելն անգամ ավելորդ է», - հայտարարել է Անդրես Հերկելը:

Իսկ ԵԽԽՎ Մոնիտորինգային խմբում Ադրբեջանի հարցով մյուս համազեկուցող Անդրեաս Գրոսը նշել է. - «Անկեղծ ասած, նրանից հետո, ինչ մենք տեսանք [խորհրդարանական ընտրությունների ժամանակ], մեզ համար դժվար կլինի ճանաչել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության մանդատը»:

«Միեւնույն ժամանակ, մանդատից զրկելը չի նշանակում Ադրբեջանի հեռացում Եվրախորհրդի կազմից: Թեեւ [ԵԽԽՎ] նստաշրջանում ադրբեջանական հարցի քննարկումը ցույց կտա տեղացի հիասթափված ժողովրդավարներին, որ ամենեւին էլ ոչ բոլորն են աշխարհում նավթը ավելի բարձր դասում մարդկանց իրավունքներից եւ ազատություններից», - «Զերկալո»-ին ասել է Անդրեաս Գրոսը: