Քոչարյան - Ալիեւ հերթական հանդիպումը կարող է կայանալ հաջորդ տարվա հունվարին

Աթենքի հայ համանքի հետ հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահները օրերս Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին գրավոր հորդորել են հունվարին հանդիպում անցկացնել։

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «համանախագահները, թերեւս նկատի ունեն, որ 2006 թվականը ընտրական թոհուբոհից ազատ է եւ կարելի է ակտիվ աշխատել»։

«Կարծում եմ՝ սա է միջնորդների ակտիվության տրամաբանությունը, եւ այստեղ, իհարկե, որոշակի ճշմարտություն կա: Կփորձենք հաջորդ տարի ավելի ակտիվ լինել։ Ասեմ, որ գործը տեղից շարժելու հնարավորություն ես իսկապես տեսնում եմ », - նշել է Հայաստանի նախագահը եւ ավելացրել, - «Չնայած շտապելու խնդիր մեր առջեւ չենք դրել։ Եթե կա մեզ համար բարենպաստ տարբերակ կարգավորելու հակամարտությունը, այդ շանսը բաց թողնելը ողջամիտ չի լինի»: