Այազ Մութալիբով. - «Ընտրությունները կանցնեն նախապես մշակված սցենարով եւ իշխանափոխություն չի լինի»

1992 թվականից Ռուսաստանում բնակվող Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, թե նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում «կանցնեն նախապես մշակված սցենարով եւ իշխանափոխություն տեղի չի ունենա»: Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ Իլհամ Ալիեւի թիմը ի վիճակի չէ անցկացնել ժողովրդավարական ընտրություններ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Մութալիբովը իր կարծիքը, թե Ադրբեջանում իշխանափոխություն չի լինի, հիմնավորեց հետեւյալ կերպ. - «Ընդդիմությունը Ադրբեջանում այսօր թույլ է եւ ի վիճակի չէ բավարար ջանքեր գործադրել հասարակությանը, իշխանություններից դժգոհ խավերին համախմբելու համար: Իրենք՝ ընդդիմադիր ուժերը Ադրբեջանում այսօր միասնական չեն»:

Մութալիբովը, ում թեկնածությունն առաջադրված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում, նաեւ ասաց, թե իր վերադարձը Ադրբեջան կախված է երկրի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական կամքից: Այդուհանդերձ, նա չի հրաժարվել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրությունից:

Ադրբեջանի գլխավոր դատախազը եւ ներքին գործերի նախարարը մի քանի անգամ հայտարարել են, որ Ադրբեջան վերադառնալուն պես Այազ Մութալիբովը, ինչպես նաեւ Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) նախկին խոսնակ, Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Ռասուլ Գուլիեւը (ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում) կձերբակալվեն:

Նախկին նախագահի համոզմամբ, իր «քաղաքական կշիռը» Ադրբեջանում մեծ է, եւ դա է պատճառը, որ ներկայիս իշխանությունները իրեն թույլ չեն տալիս վերադառնալ Բաքու:

Այազ Մութալիբովը նաեւ ասաց, որ չի հավատում, թե Իլհամ Ալիեւի թիմը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը:


Ազա Բաբայան, Մոսկվա