Հայաստանն ու Ֆինլանդիան ընդլայնելու են համագործակցությունը

Տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը կայացած առանձնազրույցում քննարկել են հայ-ֆիննական երկկողմ հարաբերություններին, Եվրամիություն-Հայաստան համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Նախագահները նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ խնդիրների վերաբերյալ:

Նախագահների առանձնազրույցին հետեւած հայ-ֆիննական ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները:

Ֆինլանդիայի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի խոսքերով, իր երկիրը հետաքրքրված է համագործակցությամբ հանքարդյունաբերության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում:

Բանակցությունների ավարտին հրավիրված ասուլիսում Ֆինլանդիայի նախագահը շեշտեց, որ Ֆինլանդիայի գործարար շրջանակներին հատկապես հետաքրքրում են ընդհանուր զարգացումները Հայաստանում՝ ժողովրդավարական ինստիտուտների կայացման, օրենքի գերակայության եւ կառավարման համակարգի արդյունավետության տեսանկյունից:

Ռոբերտ Քոչարյանը ընդգծեց Ֆինլանդիայի հնարավոր աջակցության նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման գործում:

«Մեր հարաբերությունները կարող են ծավալվել Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում, եւ մենք հույս ունենք, որ նոր հարեւանության այս գաղափարների շրջանակներում գործողության ծրագիրը կազմելու ժամանակ մենք ավելի ակտիվ օժանդակություն կունենք ֆիննական կողմից», - ասաց Հայաստանի նախագահը՝ հույս հայտնելով նաեւ, որ Հայաստանի գործողությունների ծրագիրը կընդունվի մինչեւ տարեվերջ: Տարյա Հալոնենը պատասխան հույս հայտնեց, որ այդ գործընթացը կամփոփվի մինչեւ հաջորդ տարեվերջ՝ Եվրամիությունում Ֆինլանդիայի նախագահության օրոք:

«Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող է Ֆինլանդիան օգնել Հայաստանին Եվրամիության «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակներում: Ես ուրախ եմ տեսնել, որ Հայաստանը լուրջ մոտեցում ունի եվրաինտեգրման հարցին, եւ կարծում եմ, որ իմ գործընկերն էլ է տեսնում, որ դա մեծ ջանքեր է պահանջում, բայց եւ՝ լայն հնարավորություններ է ընձեռում երկրին», - ասաց Ֆինլանդիայի նախագահը;

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, տիկին Հալոնենը ասաց, որ քննարկումների ընթացքում ինքը խրախուսել է Հայաստանի նախագահին՝ շարունակել ջանքերը խնդրի վերջնական լուծումը գտնելու ուղղությամբ:

Իսկ Ռոբերտ Քոչարյանը, պատասխանելով ֆինն լրագրողներից մեկի հարցին, ասաց, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը չի ընդհատվել 1994 ից ի վեր:

«Եղել են պահեր, երբ բավական մոտիկ էինք հնարավոր լուծումների, բայց ինչ-որ բան խանգարում էր, բանակցային գործընթացը ավելի էր պասիվանում: Հիմա մի պահ է,երբ բավական ակտիվ է գնում այդ գործընթացը, եւ որոշ հույսեր կան, որ, այնուամենայնիվ, կարող ենք հաջողության հասնել», - ավելացրեց Հայաստանի նախագահը:


Աննա Սաղաբալյան