Սակագնի բարձրացման դեպքում Ադրբեջանը կհրաժարվի ռուսաստանյան գազից

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Նաթիկ Ալիեւը հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերության կողմից գազի սակագնի կտրուկ բարձրացման դեպքում Ադրբեջանը կհրաժարվի Ռուսաստանից մատակարարվող վառելիքից:

«Առայժմ գազի սակագնի բարձրացման մասին պաշտոնական տեղեկություն չի ստացվել: Տարեվերջին, սակայն, հնարավոր են անակնկալներ», - ըստ «Թրենդ» գործակալության, հայտարարել է Ալիեւը:

Ներկայումս «Գազէքսպորտ» ընկերության («Գազպրոմ»-ի դուստր ձեռնարկություններից է) կողմից Ադրբեջանին մատակարարվող գազի սակագինը հազար խորանարդ մետրի դիմաց 60 դոլար է: «Գազպրոմ»-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ հաջորդ տարվանից մտադիր են ԱՊՀ երկրներին մատակարարվող գազի սակագինը հավասարեցնել միջազգային սակագներին:

Ընթացիկ տարում Ադրբեջանը նախատեսում է «Գազէքսպորտ»-ից Շիրվանովկա-Կազիմագոմետ գազատարով ներմուծել շուրջ 6 միլիարդ խորանարդ մետր գազ: