Բուշի վարչակազմը համաձայն չէ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձեւերի հետ

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը համաձայն չէ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երկու բանաձեւերի հետ:

«Պետքարտուղարության եւ նախագահի վարչակազմի դիրքորոշումը մնացել է անփոփոխ. այս հարցը չպետք է քաղաքականացվի, այլ պետք է քննարկվի լրջորեն եւ անկեղծ, վերլուծական քննարկում անցկացվի հարցում ներքաշված կողմերի, կամ դրա հետ անմիջական կապ ունեցողների միջեւ», - «Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ, ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ադամ Էրելին:

«Վարչակազմը չի աջակցել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից թիվ 195 եւ 316 բանաձեւերի ընդունմանը: Կարծում եմ, այդ դիրքորոշումը փոխանցվել է Կոնգրեսի անդամներին, նրանք որեւէ կասկած չունեն պետքարտուղարության եւ վարչակազմի դիրքորոշման վերաբերյալ», - նշել է Էրելին:

Պետքարտուղարության խոսնակը նաեւ մեջբերել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ ապրիլի 24-ի ավանդական ուղերձը:

«Հայկական հիշատակի օրը մենք հիշում ենք մեկուկես միլիոն հայերի բռնի տեղահանումը եւ զանգվածային սպանությունները Օսմանյան կայսրության գոյության վերջին օրերին: Այդ սարսափելի իրադարձությունները հայերից շատերն անվանում են Մեծ Եղեռն», - ուղերձում նշել էր նախագահ Բուշը՝ կոչ անելով «ազնվորեն եւ նրբանկատորեն ուսումնասիրել 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունները»:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նաեւ հաղորդում է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ափսոսանք է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունման կապակցությամբ:

«Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ բանաձեւերը չեն փոխանցվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ», - ասված է վարչապետ Էրդողանի հայտարարության մեջ: