Կոնգրեսականները հորդորում են ԱՄՆ պետքարտուղարին դատապարտել Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցումը

Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի մի շաչք անդամներ Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման՝ Թուրքիայի կառավարության մտադրության շուրջ իրենց մտահոգությունն են հայտնել երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին ուղղված նամակում:

Կոնգեսականները հորդորում են Միացյալ Նահանգների կառավարությանը դատապարտել Հայաստանը շրջանցող երկաթուղու կառուցումը, քանի որ այն «ոտնահարում է Հարավային Կովկասի տարածաշրջանում ամերիկյան շահերն ու նպատակները»:

«Բաց տրանսպորտային կապը այստեղ անհրաժեշտ է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի տնտեսական զարգացման եւ համագործակցության, ինչպես նաեւ՝ հակամարտությունների կարգավորման համար: Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա որեւէ ծրագիր, որն ուղղակիորեն հակասում է իր նպատակներին», - ասված է կոնգրեսականների նամակում:

Դեռեւս հուլիս ամսին՝ մինչեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի օգոստոսյան արձակուրդները, Ջո Նոլենբերգը եւ Ֆրենկ Փալոնը Կոնգրես էին ներկայացրել էին մի նախագիծ, որը պիտի արգելեր Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցման համար ֆինանսական հատկացումները:

Նրանք բողոքում էին, որ տարիների աշխատանք եւ 400 - 800 միլիոն դոլար պահանջող երկաթուղին, փաստորեն, շրջանցում է Հայաստանը այն դեպքում, երբ այս տարածաշրջանի երկրները իրար կապող երկաթուղի արդեն գոյություն ունի՝ Կարս - Գյումրի երկաթուղին:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես