Հայաստանը կրկին էլեկտաէներգիա է արտահանում Վրաստան

Վրաստանի միացյալ էներգաընկերությունը (ՎՄԷԸ) երկրում էլեկտրաէներգիայի պակասի պատճառով հինգշաբթի օրը վերականգնել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Հայաստանից:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, ՎՄԷԸ-ն Հայաստանից գնում է 50 մեգավատտ էներգիա՝ 2,8 ցենտ սակագնով: Վրաստանում էլեկտրաէներգիայի պակաս է առաջացել բնական աղետների հետեւանքով ենթակառուցվածքների վնասման, ինչպես նաեւ էներգիա արտադրող որոշ ձեռնարկությունների պլանային կանգնեցման պատճառով:

Անցյալ շաբաթավերջին «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարել էր, թե առաջիկայում Հայաստանը կվերականգնի էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան:

2002 թվականի դեկտեմբերից մինչեւ 2003 թվականի ապրիլ ընկերությունը Վրաստան է արտահանել 178 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա՝ 4,45 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի 16-ից մինչեւ այս տարվա մայիսի 15-ը արտահանվել է 3,6 միլիոն դոլարի 141 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա: