ԱԺ նախագահը սպառված չի համարում «բարեփոխումների ռեսուրսը»

Երեքշաբթի օրը իր պաշտոնավարման երկրորդ տարելիցի եւ հերթական նստաշրջանի ամփոփիչ ասուլիսում Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ «Հայաստանում բարեփոխումներ անելու ռեսուրսը առանց հեղափոխությունների ամենեւին էլ սպառված չէ»:

ԱԺ նախագահի խոսքի հեռակա ակնարկը խորհրդարանական ընտրություններին էր վերաբերում, մոտական՝ սահմանադրության փոփոխություններին: Սրանց առիթով Բաղդասարյանը ասաց, որ պետք է փորձեն «ամբողջությամբ իրականացնել Վենետիկի հանձնաժողովի դիտողությունները»:

«Ցավոք, կան մարդիկ, որ ավելի շատ իշխանությունն են սիրում, քան երկիրը», - ձեւակերպեց նա՝ առանց մասնավորեցնելու:

Անդրադառնալով դեպի երկրորդ ընթերցում գնացող նախագծում Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները հաշվի առնելու հեռանկարին, Բաղդասարյանը ասաց, թե չի կարող պատասխանել մնացած երեք կողմերի փոխարեն՝ նկատի ունենալով երկրի նախագահին եւ «Օրինաց երկիր»-ի կոալիցիոն գործընկերներին՝ Հանրապետական կուսակցությանն ու Դաշնակցությանը:

«Իսկ մենք [«Օրինաց երկիր»-ը] պաշտպանելու ենք բարեփոխումները մինչեւ վերջ տանելու այս քաղաքականությունը», - հայտարարեց նա:

Բաղդասարյանը խուսափեց ուղղակի պատասխանել հարցին, թե «Օրինաց երկիր»-ը Սահմանադրության փոփոխությունների նախագծից հետ կկանչի՞ իր ստորագրությունը, եթե մյուս երեք կողմերը ամբողջովին չընդունեն դիտողությունները՝ խոստանալով. - «Այդ մասին մենք կարող ենք խոսել մի քանի օրից»:

«Քննարկումների դժվարին գործընթաց է գնում: Չեմ ուզում այսօր անել հայտարարություններ, որոնք կարող են այդ գործընթացին խանգարել», - բացատրեց նա:

Ի պատասխան հարցին, թե՝ հաշվի առնելով ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ մամուլում փոխադարձ հաճոյախոսությունների փոխանակումը, հնարավո՞ր է, որ երկու կուսակցությունները խորհրդարանական ընտրությունների դաշինքով գնան, Արթուր Բաղդասարյանը իր զարմանքը հնչեցրեց «արագ դատողությունների ու եզրահանգումների կապակցությամբ»:

«Ազատություն» ռադիոկայանի ուղղակի հարցադրմանը, թե «Օրինաց երկիր»-ի նախագահը բացառո՞ւմ է նման դաշինքի հնարավորությունը, Բաղդասարյանը պատասխանեց. - «Այսօր մենք դեռեւս նախընտրական փուլում չենք գտնվում: Կգան ընտրությունները՝ ընտրությունների ժամանակ էլ կխոսենք՝ ով ում հետ կգնա դաշինքի կամ չի գնա: Նման խոսակցությունների տարածումը այս պահին ես ուղղակի համարում եմ անիմաստ»:

Դաշնակցություն -֊ «Օրինաց երկիր» հակամարտությանը վերաբերող հարցին Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, թե «կոնֆլիկտ գոյություն չունի»:

«Կա քննադատություն», - շարունակեց նա: - «Ես այն կարծիքին եմ, որ շատ լավ կլինի ոչ թե մամուլով իրար հետ խոսել, այլ նստել եւ միասին խոսել»:

Այս ակնարկը Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի՝ վերջերս մամուլում արած հայտարարությանն է վերաբերում, թե «Օրինաց երկիր»-ի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դատապարտված է եղել մարդասիրական օգնության կաթի փոշի յուրացնելու համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ առանձին զրույցում Հովհաննես Մարգարյանը ցույց տվեց Գերագույն դատարանի 1997 թվականի վճռի պատճեն, որում իր մասով գրված էր՝ նախաքննության ընթացքում իր եւ մի քանիսի դեմ այդ գործը կարճվել էր:

«Սա անձնավորված զրպարտանք է իմ նկատմամբ», - որակեց Մարգարյանը՝ հավաստիացնելով, թե «անհետեւանք չի թողնելու» այդ հրապարակումը:


Ռուզան Խաչատրյան