Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմնարկեքը

Հունիսի 4-ին ձեռամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Բըրբենքում օրհնվեցին ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ եկեղեցու հիմքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, առավոտյան Հայրապետական թափորն ուղղվել է այն վայրը, ուր կառուցվելու է տաճարը։ Նորին Սրբությունը կատարել է հիմքերի քարերի օրհնության արարողությունը, ապա քարերը տեղադրվել են տաճարի հիմերում:

Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան Սրբազանն իր երախտագիտությունն է հայտնել եկեղեցանվեր բարերարներին իրենց նվիրատվության համար, որով հնարավոր դարձավ իրագործել թեմի հավատացյալների վաղեմի երազանքը՝ առաջնորդանիստ տաճարի կառուցումը: Սրբազան Հայրը նաեւ շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին իր օրհնաբեր աջով հիմնարկեքի արարողությունը հանդիսապետելու համար:

Հիմնօրհնեքի արարողությանը ներկա էին Կալիֆոռնիայի նահանգապետի գրասենյակի փոխտնօրեն Լիզա Գալուստյանը, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամներ Բոբ Յուսեֆյանը եւ Ֆրենկ Քինտերոն, կոնգրեսական Ադամ Սքիֆը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ այլ եկեղեցիների ներկայացուցիչներ։