Բացվեց Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարը

Չորեքշաբթի օրը Բաքվից 40 կիլոմետր դեպի հարավ գտնվող Սանղաչալի նավթային տերմինալում տեղի է ունեցել Հեյդար Ալիեւի անվան Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատար խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը:

Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահներ Նուրսուլթան Նազարբաեւը, Իլհամ Ալիեւը, Ահմեդ Նեջեթ Սեզերն ու Միխեիլ Սահականշվիլին հերթով բացել են չորս փականներ, ինչը խորհրդանշել է խողովակաշարի գործարկման մեկնարկը: Կասպյան նավթը սկսել է հոսել դեպի Արեւմուտք:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր ելույթում շնորհակալություն է հայտնել հարեւան երկրներին ծրագրի իրականացմանն աջակցելու համար եւ ասել է. - «Բաքու - Թբիլիսի - Ջեհյանը տարածաշրջանային համագործակցության արդյունք է, ծրագիր, որը սկզբում գուցեեւ անիրագործելի էր թվում»:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ասել է, թե Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարն ու հաջորդ տարի շահագործման հանձնվելիք Բաքու -Թբիլիսի - Էրզրում գազատարը կդառնան «Վրաստանի էներգետիկ անկախության երաշխիքը»:

Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավտատար խողովակաշարի կառուցման արժեքը կազմել է 4 մոտ միլիարդ դոլար: Ծրագիրն իրականացրել է «Բրիթիշ Փեթրոլիում»-ի ղեկավարած կոնսորցիումը: Խողովակաշարի երկարությունը 1760 կիլոմետր է: Այն Ադրբեջանից հասնում է Վրաստան, ապա Թուրքիա՝ մինչեւ Միջերկրականի ափին գտնվող Ջեյհանի նավահանգիստը, որտեղից նավթը ծովով կփոխադրվի արեւմտյան շուկաներ:

Ըստ մասնագետների, նավթը սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերին կհասնի Ջեյհան: Խողովակաշարն առավել հզորությամբ կաշխատի 2009 թվականին, երբ դրա թողունակությունը կհասնի օրական մեկ միլիոն բարելի:

Ղազախստանը նույնպես մտադիր է իր արդյունահանած նավթի մի մասը Արեւմուտք հասցնել Բաքու - Թբիլիսի - Ջեյհանի խողովակներով: Այդ նպատակով Ակտաու ղազախական ավանից մինչեւ Բաքու կառուցվելու է անդրջրյա խողովակաշար:

Քաղաքական մեկնաբանների եւ հեղինակավոր տնտեսագետների համոզմամբ, Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարը 21-րդ դարի ամենախոստումնալից ծրագրերից է: Այն կդառնա Կենտրոնական Ասիան եւ Կովկասն Արեւմտյան Եվրոպային կապող ամենաէական գործոնը:



Արմեն Քոլոյան, Պրահա