Վարդան Օսկանյան. Ֆրանսիայի կողմից Եվրամիության Սահմանադրությունը մերժելը «բարդություններ կառաջացնի Եվրամիության ներսում»

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին, երեքշաբթի օրը ասել է, որ մայիսի 29-ի հանրաքվեի ժամանակ Ֆրանսիայի կողմից Եվրոպական Սահմանադրությանը «ոչ» ասելը բարդություններ կառաջացնի Եվրամիության ներսում:

«Այդ առանցքային դերակատարի վարքագիծը շատ առումներով կարող է կանխորոշել եվրոպական հետագա զարգացումները: Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ Ֆրանսիան եւ ֆրանսիացիները, որպես Եվրամիության շարժիչ ուժ եւ միասնական Եվրոպայի կառուցման գործում առաջատար, այս կրիտիկական պահին այլ ուղղությամբ գնան», - ասել է Հայաստանի արտգործնախարարը՝ շարունակելով. - «Դա մտահոգիչ կլինի նաեւ Հայաստանի համար, քանի որ մենք ականատես կլինենք Ֆրանսիայի դերի եւ ազդեցության նվազմանը եվրոպական կառույցներում, որտեղ վերջինս հանդես է գալիս որպես Հայաստանի հետ համագործակցության խորացման ջատագով ու պաշտպան»:

Խոսելով ֆրանսահայ մի շարք կազմակերպությունների մայիսի 19-ի հայտարարության մասին, որով նրանք նախագահ Շիրակից պահանջել են անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հետաձգելու համար այս տարվա հոկտեմբերի 3-ին սկսվող Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները, Հայաստանի արտգործնախարարը ասել է. – «Ես լիովին հասկանում եմ շատ ֆրանսահայերի եւ ֆրանսիացիների մտավախությունը Եվրամիությանը Թուրքիայի հավանական անդամակցության կապակցությամբ: Մենք նույնպես մեր մտահոգություններն ենք հայտնել եվրոպական չափանիշներին Թուրքիայի համապատասխանության կապակցությամբ, մասնավորապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու հարցերում»:

«Սակայն մենք կապ չենք տեսնում Սահմանադրության հանրաքվեի եւ Թուրքիայի անդամակցության միջեւ», - ավելացրել է Վարդան Օսկանյանը: - «Ընդհակառակը, մենք կարծում ենք Սահմանադրությանն «այո» քվեարկությամբ Ֆրանսիայի դիրքերն առավել կուժեղանան եվրոպական բեմահարթակում, ինչը շահեկան կլինի նաեւ մեզ համար»: