Երեւանում կկայանա օտարատյացության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողով

Մայիսի 24-25-ը Երեւանում կկայանա «Հանդուրժողականությունը, խտրականությունների եւ օտարատյացության դեմ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում» թեմայով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչն է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մամլո ծառայությունը տեղեկացնում է, թե գիտաժողովի նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, հանդուրժողականության եւ վստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ մարդու իրավունքների ոլորտում տարածաշրջանային երկխոսության հաստատմանը:

Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն շուրջ 60 պատվիրակներ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, ինչպես նաեւ միջազգային, միջպետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: