Բաքվի իշխանությունները հրաժարվել են արտոնել ընդդիմադիր ընտրական դաշինքի հանրահավաքը

Բաքվի քաղաքապետանը չի արտոնել ընդդիմադիր Ucler
(«Երեք») ընտրական դաշինքի հանրահավաքը մայիսի 21-ին՝ խորհուրդ տալով հետաձգել այն, քանի որ «նպատակահարմար չէ հանրահավաք անցկացնել Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթամուղի բացումից մի քանի օր առաջ»:

Նավթամուղի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունենալու մայիսի 25-ին, ակնկալվում է մի շարք երկրների նախագահների մասնակցությունը:

Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու նպատակով ձեւավորված Ucler ընտրական դաշինքի աշխատանքային խմբի ներկայացուցիչը «Թուրան» գործակալությանը ասել է, որ խումբը հանրահավաքի կազկոմիտեին եւ դաշինքի ղեկավար խորհրդին առաջարկել է չհետաձգել բողոքի ցույցը:

«Մուսավաթ», Ադրբեջանի ժողովրդական ճակատ եւ դեմոկրատական կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր ընտրական դաշինքի ղեկավար խորհուրդը, ըստ «Թուրան» գործակալության, վերջնական որոշումը կընդունի «մոտ ապագայում»: