Բրայան Արդունին կրկին նշանակվել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն

Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, ամերիկահայ այդ խոշոր լոբբիստական կազմակերպության գործադիր տնօրեն է նշանակվել Բրայան Արդունին:

«Երջանիկ եմ վերադառնալ եւ շարունակել աշխատանքը Համագումարում: Մենք կշարունակենք կազմակերպության ամրապնդման եւ ընդլայնման, ինչպես նաեւ Համագումարի՝ ԱՄՆ - Հայաստան եւ ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերը», - նշել է Արդունին: Նա արդեն զբաղեցրել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենի պաշտոնը 1990-ականների վերջից մինչեւ 2002 թվականը, ինչից հետո, ղեկավարելով Հայ-ամերիկյան քաղաքական գործողությունների կոմիտեն (ARMENPAC), շարունակում էր մասնակցել Համագումարի աշխատանքներին որպես տնօրենների խորհրդի անդամ:

Արդունու նշանակումը ողջունել են ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ֆրենկ Պալլոնը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը:

Գործադիր տնօրենի պաշտոնում Արդունին փոխարինել է Ռոսս Վարդյանին, ով այսուհետ կստանձնի Ամերիկայի հայկական համագումարի հաղորդակցության եւ ղեկավարության հարցերով տնօրենի պարտականությունները: