Հայաստան կժամանի Լիտվայի պաշտպանության նախարարը

ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրավերով, ապրիլի 5-7-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդիմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակությունը:

Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, այցի շրջանակներում պարոն Կիրկիլասը հանդիպումներ կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի վարչապետի, պաշտպանության, արտաքին գործերի նախարարների, Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի հետ:

Երեքշաբթի օրը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարը կայցելի Հայաստանի պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, կհանդիպի ինստիտուտի պետի եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հաջորդ օրը պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ տեղադրելու Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի Մատենադարանում, Ազգային պատկերասրահում:

Պատվիրակության անդամները Հայաստանից կմեկնեն ապրիլի 7-ին: