Վրաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարները «խորհրդատվական այցով» մեկնում են Բիշքեկ

Վրաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հինգշաբթի օրը մեկնել են Ղրղըզստանի մայրաքաղաք՝ խորհրդատվություններ անցկացնելու այդ երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Ռոզա Օտումբաեւայի հետ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեորգի Գոմիաշվիլին «Կավկազպրես» գործակալությանը հայտնել է, որ այցը հեռախոսային զրույցի ընթացքում նախօրեին համաձայնեցրել են նախագահներ Սահակաշվիլին եւ Յուշչենկոն:

Ուկրաինայի արտգործնախարար Բորիս Տարասյուկի եւ Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած վրաց-ուկրաինական պատվիրակությունը Բիշքեկում կանցկացնի մի քանի ժամ:

«Մենք ակնդետ հետեւում ենք Ղրղըզստանում կատարվող իրադարձություններին, քանի որ շահագրգիռ ենք, որ տարածաշրջանում ժողովրդավարություն եւ կայունություն տիրի», - ասել է Գոմիաշվիլին: - «Սա խորհրդատվական այց է լինելու»: