Վաշինգտոնում կքննարկվեն Հարավային Կովկասում իրականացվող էներգետիկ ծրագրերը

Մարտի 10-ին Վաշինգտոնում կմեկնարկի «Հարավային Կովկասի եւ Թուրքիայի զարգացման գործում կասպիական գազի դերը» թեմայով միջազգային սեմինարը, որի կազմակերպիչը ամերիկյան «Ջեմսթաուն» հիմնադրամն է:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, սեմինարի բանախոսների թվում են Կասպիցի հարցերով զբաղվող ամերիկացի դիվանագետ, նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը եւ «Ջեմսթաուն» հիմնադրամի նախագահ Վլադիմիր Սոկորը: Սեմինարը կանդրադառնա տարածաշրջանի զարգացման, կասպյան գազի արտահանման, Բաքու-Էրզրում գազատարի կառուցման հեռանկարներին եւ տարածաշրջանում իրականացվող բոլոր էներգետիկ ծրագրերի՝ Միացյալ Նահանգների եւ Եվրամիության շահերին համապատասխանելու խնդիրներին: