Հայաստանցիների մեծամասնությունը ծանոթ չէ առաջարկվող սահմանադրական փոփոխություններին

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած հարցախույզի արդյունքներով, հայաստանցիների ճնշող մեծամասնությունը ծանոթ չէ այս տարի ավելի ուշ հանրաքվեի դրվելիք սահմանադրական փոփոխությունների բովանդակությանը:

Հարցված 1500 քաղաքացիների միայն 8,5 տոկոսն է պատասխանել, թե ծանոթ է առաջարկվող փոփոխությունների բովանդակությանը: Մոտ 46 տոկոսը ընդամենը լսել է դրանց մասին:

«Մեծ մասը [հարցվածների] կարծում է, որ Սահմանադրությունը չի իրագործվում կյանքում: Մեծ մասը կարծում է, որ խախտումների համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում եւ այդ պրոցեսները չեն կանխվում», - մեկնաբանելով հարցման արդյունքները՝ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գլխավոր փորձագետ Ստեփան Սաֆարյանը: - «Բնական է, որ այսքանից հետո հասարակությանը չէր էլ հետաքրքրելու բարեփոխումների գործընթացը»:

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, ապա սրանց բովանդակությանն էլ հարցվածների մեծամասնությունը ծանոթ չէ: Ուշագրավ է, որ նրանց ընդամենը 10,5 տոկոսն է կարծում, թե ընտրությունների արդյունքների կեղծման հիմնական պատճառը Ընտրական օրենսգրքի անկատարությունն է: Հարցվածների 31 տոկոսի կարծիքով, կեղծիքների պատճառը արդար ընտրությունների անցկացման ավանդույթի բացկայությունն է: Մոտավորապես 20-ական տոկոս են հավաքել «հայ ժողովրդի մենթալիտետը» եւ «իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը» պատասխանները:

Հայաստանում անցկացվող ընտրությունների վրա ազդող հիմնական գործոնը փողն են համարում հարցված քաղաքացիների գրեթե 40 տոկոսը: 36 տոկոսի կարծիքով, դա վարչական լծակներն են:

«Վերլուծությունները թույլ են տալիս ասել, որ դեռեւս հասարակությունը օտարվածության վիճակում է», - մեկնաբանեց Սաֆարյանը: - «Եթե հասարակության 74,5 տոկոսը չի ընդունում 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, եթե ավելի մեծ տոկոսը չի ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ապա այդպես երկար շարունակվել չի կարող»:


Աննա Սաղաբալյան