ԵԱՀԿ փաստահավաք խմբի անդամները կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահների հետ

Ինչպես փոխանցել է ադրբեջանական ANS գործակալությունը, այս ամիս ավելի վաղ Լեռնային Ղարաբաղ այցելած Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) փաստահավաք առաքելության ներկայացուցիչները երկուշաբթի օրը կհանդիպեն Մինսկի խմբի համանախագահների հետ:

Գերմանացի դիվանագետ Էմիլի Հաբերի գլխավորած խմբի անդամները Մինսկի խմբի համանախագահներին կներկայացնեն պետական մակարդակով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններում վերաբնակեցման մասին Բաքվի պնդումների ճշմարտացիությունը պարզելու նպատակով փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում իրականացված զննման եւ բնակիչների հարցման արդյունքները:

Սպասվում է, որ առաքելության արդյունքների մասին վերջնական փաստաթուղթը հակամարտության կողմերին կներկայացվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի՝ մարտի 2-ին Պրահայում կայանալիք հանդիպման ժամանակ:


(Լուսանկարում՝ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ղեկավար Էմիլի հաբերը:)