Իրանը պատրաստ է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը գիտության բնագավառում

Հայաստանի հետ գիտության ոլորտում համագործակցության խորացման պատրաստակամության մասին է կիրակի օրը հայտարարել Իրանի գիտության, հետազոտությունների եւ տեխնոլոգիայի նախարար Ջաֆար Թոուֆիքին՝ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հետ հանդիպման ժամանակ:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ, նախարարը հանդես է եկել գիտական կապերի զարգացման օգտին՝ ներառյալ ուսանողների ու դասախոսների փոխանակումը եւ սեմինարների անցկացումը:

Իր հերթին, Սերգո Երիցյանը խոսել է իրանագիտության ոլորտում եւ պարսկերեն լեզվի ուսումնասիրման հարցում Հայաստանի գործունեության մասին եւ շեշտել բուհերի մակարդակով համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Սերգո Երիցյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրան է ժամանել հունվարի 15-ին՝ Իրանի կրթության նախարարի հրավերով: