Արազ Ազիմով. «Կողմերի միջեւ առայժմ կան շատ տարաձայնություններ»

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, Ղարաբաղի հարցով նախագահ Իլհամ Ալիեւի հատուկ բանագնած Արազ Ազիմովը այսօր Բաքվում հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ հունվարի 11-ին Պրահայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների բանակցություններում կոնկրետ արդյունք չի գրանցվել: Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Ազիմովն ասել է, թե կողմերի միջեւ դեռ կան «շատ տարաձայնություններ», բանակցություններն ընթանում են «բարդ մթնոլորտում»:

Ազիմովը նշել է, որ կողմերը ցանկանում են կոնկրետ համաձայնություններ ձեռք բերել: «Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, այնպիսի լուծման, որը համապատասխանելու է միջազգային օրենքներին եւ ապահովելու է երկրի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է Ազիմովը եւ հավելել, թե միայն տարածքային ամբողջականության վերականգնումը խնդիրն ամբողջությամբ չի լուծելու: Նրա խոսքերով, կարեւոր նպատակներից է Ադրբեջանի եւ Հայաստանի բնակչությանը համոզել՝ ապրել խաղաղության պայմաններում: «Սակայն այսօրվա դրությամբ դրա մասին խոսելը վաղաժամ է», - նշել է Ադրբեջանի փոխնախարարը:

Անդրադառնալով փոխզիջումների հարցին, Արազ Ազիմովն ասել է, որ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կողմերը «մերձեցնեն իրենց դիրքորոշումները»:

«Իրավիճակի սառեցումը ոչ մի արդյունք չի տալու, Ադրբեջանը ցանկանում է քննարկել 7 գրավյալ տարածքներն ազատագրելու հարցը, ինչը կարող է նպաստել Հայաստանի ապաշրջափակմանն ու Հայաստանի հետ տնտեսական համագործակցության վերականգմանը», - ավելացրել է նա:

Ազիմովի խոսքերով, հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ փետրվարի վերջին: Նա ասել է նաեւ, թե ենթադրվում է, որ հունվարի 28-ին տարածաշրջան կժամանի ՄԱԿ-ի հատուկ պատվիրակությունը, որի կազմում կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) ներկայացնող պատվիրակներ, ինչպես նաեւ պատվիրակներ Մինսկի խմբի անդամ Ֆինլանդիայից, Իտալիայից, Շվեդիայից եւ Գերմանիայից:


Արմեն Քոլոյան, Պրահա