Արտախորհրդարանական ուժերը քննադատում են իշխանություններին

Ազգային ժողովում չներկայացված «Ազգային ինքնորոշում» միավորումը (ԱԻՄ) եւ Ազատական առաջադիմական կուսակցությունը (ԱԱԿ) հինգշաբթի օրը բավական խիստ քննադատություն հնչեցրեցին Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ:

1987 թվականին ստեղծված ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը ԱԻՄ 24-րդ համագումարում, իսկ այսօր հիմնադրման 100-րդ օրը նշող ԱԱԿ-ի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մամուլի ասուլիսում գրեթե նույնն էին ասում՝ Հայաստանը գնալով ավելի խորը մեկուսացման մեջ է ընկնում՝ վերածվելով Ռուսաստանի կցորդի:

«Մենք հասել ենք այն վիճակին, որ մեր նախագահին Պուտինը ընդունում է հավասար ռուսական որեւէ սուբյեկտի [ղեկավարի] հետ: Մեր նախագահը սպասում է ընդունարանում մինչեւ ինչ-որ սուբյեկտի ներկայացուցիչ ավարտի Պուտինի [հետ] զրույցը», - ասաց Հովհաննես Հովհաննիսյանը՝ նկատի ունենալով Պուտին-Քոչարյան վերջին հանդիպումը մերձմոսկովյան Նովո-Օգարյովոյում, երբ, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների տեղեկացման, Հայաստանի նախագահը ստիպված էր եղել որոշ ժամանակ սպասել մինչեւ ավարտվի իր ռուսաստանցի գործընկերոջ եւ Չուվաշիայի նախագահ Նիկոլայ Ֆյոդորովի հանդիպումը:

Պարույր Հայրիկյանը համագումարի իր ելույթում կարծես լրացրեց Հովհաննիսյանի ասածը՝ բացատրելով, թե ինչու է համարում, որ Հայաստանի իշխանությունների համար անկախության գաղափարը լուրջ արժեք չէ:

«Եթե միջազգային պայմանները հնարավորություն ընձեռեին, ապա այս երեկվա պատրորգները կընդվզեին նաեւ մեր միջազգային ճանաչման դեմ, ու կհամոզեին մեզ բոլորիս, որ Չեչնիայի կարգավիճակը լավագույնն է մեզ համար», - համագումարի ամբիոնից ասաց Հայրիկյանը:

Ասուլիսում Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց նաեւ տարածաշրջանային ծրագրերի մասին՝ հեգնանքով նշելով, թե՝ այդ ինչքան էր պետք աշխատել, որպեսզի ոչ մի լուրջ էներգետիկ կամ տրանսպորտային նախագիծ՝ Բաքու-Ջեյհանից մինչեւ Տրասեկա, չանցնի Հայաստանով:

Հովհաննիսյանին չի ոգեւորում նաեւ Իրան - Հայաստան գազամուղի կառուցման հեռանկարը, քանի որ, նրա համոզմամբ՝ «դա ոչ մի լումա չի բերելու Հայաստանի բյուջե», որովհետեւ ներկրվելիք գազով Ռուսաստանին պատկանող ՋԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիան, Հովհաննսյանի կանխատեսմամբ, կվաճառվի Իրանին կամ Թուրքիային:

Ռուսաստանի՝ հայկական էներգետիկայում ունեցած դերի մասին խոսեց նաեւ Պարույր Հայրիկյանը՝ արդեն քաղաքական, այլ ոչ թե տնտեսական տեսանկյունից դիտարկելով խնդիրը:

«Միայն օտարի գործակալը կամ քաղաքական տհասը իր երկրի էներգետիկ կարողությունները կարող է հանձնել օտար պետության, այն էլ՝ այնպիսի պետության, որը պատմականորեն բազմիցս ապացուցել է իր անհավատարմությունը համամարդկային եւ քրիստոնեական արժեքներին», - հայտարարեց Հայրիկյանը:

Ներքաղաքական խնդիրների վերաբերյալ էլ երկու քաղաքական ուժերի կարծիքները գրեթե համընկնում են՝ հարկավոր է իշխանափոխություն (Հովհաննես Հովհաննիսյան), իշխանությունները օրինական չեն (Պարույր Հայրիկյան):


Գեւորգ Ստամբոլցյան