Ստրասբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կսկսվի այսօր երեկոյան

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Ադրբեջանի արտգործնախարարի հետ իր հանդիպումը Ստրասբուրգում կսկսվի այսօր երեկոյան՝ Երեւանի ժամանակով ժամը 21-ին, եւ կշարունակվի վաղը:

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասել էր, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ստրասբուրգում մտադիր է «կարծիքներ փոխանակել Ադրբեջանի 7 շրջանների դիմաց Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացման հնարավորության շուրջ»:

Հայկական կողմը նախկինում դեմ է արտահայտվել այդ տարբերակին:

Այսօր նախատեսված են նաեւ Վարդան Օսկանյանի հանդիպումները Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերի եւ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերի հետ: Հայաստանի արտգործնախարարն այսօր նաեւ ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստում:


Արմեն Զաքարյան եւ Արմեն Դուլյան, Պրահա