Բերման ենթարկվածներ կան նաեւ երեկվա հանրահավաքից հետո

Չնայած Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանին վերաբերող բանաձեւում արձանագրված՝ ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու եւ վարչական կալանքի ենթարկելու պրակտիկան դադարեցնելու պահանջին, ընդդիմության երեկվա հանրահավաքից հետո 30 հոգի բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ: Տվյալները «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են հանրապետության ոստիկանության լրատվական վարչությունից:

Այդ անձինք, ըստ նույն աղբյուրի, բերման են ենթարկվել մանր խուլիգանություն կատարելու, հասարակական կարգը խախտելու, ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու համար:

30 հոգուց 7-ը դատարանի որոշմամբ տարբեր ժամկետներով վարչական կալանքի է ենթարկվել, 21 անձ տուգանվել է:

«Արդարություն» խմբակցության անդամ պատգամավոր Շավարշ Քոչարյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե իրենք արձանագրում եւ որոշակի հետեւություններ են անում այն իրողությունից, որ, չնայած Եվրախորհրդի պահանջին, Երեւանի քաղաքապետարանը շարունակում է «ոչ նպատակահարմար» համարել ընդդիմության հանրահավաքները, շարունակվում են հանրահավաքներից հետո ձերբակալություններն ու վարչական կալանքները:

«Բայց որպես բարի կամքի դրսեւորում նույնիսկ այդ պայմաններում մենք այդ 10 օրվա դադարը տվել ենք, որից հետո մեր քայլերը կլինեն համարժեք այն դիրքորոշմանը, որը կցուցաբերի իշխանությունը», - ասաց Շավարշ Քոչարյանը՝ նկատի ունենալով մայրաքաղաքում հանրահավաքների 10-օրյա ընդմիջումը:


Կարինե Քալանթարյան