Երիտասարդ քաղաքագետի կարծիքով, կոպիտ մեթոդներով են գործում հայաստանյան թե' ընդդիմությունը եւ թե' իշխանությունը

«Այսօր կատարվողը ես կբնորոշեի մարդկանց մոտ քաղաքական կուլտուրայի բացակայության կամ ցածր քաղաքական կուլտուրայի հետեւանք», - ասաց երիտասարդ քաղաքագետը՝ շարունակելով. - «Քաղաքական կուլտուրայի զարգացման մակարդակով այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը, ե'ւ հասարակ քաղաքացիների զգալի մասը, ե'ւ իշխանության միջին եւ ստորին օղակները ապրում են լավագույն դեպքում անցած դարի 50-ական թվականներին, եթե չասենք՝ 37 թվին: Այդ նույն մեթոդներով են գործում՝ շատ կոպիտ, շատ պրիմիտիվ եւ, ամենակարեւորը՝ ոչ արդյունավետ»:

Փաստարկելով ասածը, Զոլյանը կիսեց իր տպավորությունը, թե երբ ինքը կարդում է հայաստանյան իշխանամետ մամուլը, դիտում հեռուստատեսային հաղորդումները, իր մոտ ցանկություն է առաջանում դառնալ ընդդիմադիր. - «Գնալով միտինգների, լսելով ընդդիմադիրների ասածները, ինձ մոտ ցանկություն է առաջանում դառնալ իշխանամետ: Որովհետեւ ո'չ մի կողմը, ո'չ էլ մյուս կողմը էֆեկտիվ մեթոդներ չի կիրառում. մի կողմը փորձում է ճնշել, մյուս կողմը ասում է՝ ամեն ինչ կամ ոչինչ»:

Տնտեսագետ Արամ Բադալյանի կարծիքով, երկրի ներքին անհանգստությունը խանգարում է իրականացնել երկրի՝ իր ձեւակերպմամբ «հեռատես քաղաքականությունը»: Նրա անձնական կարծիքով, ներքին անկայությունը դրսի միջամտության հետեւանք է: Մինչդեռ, Բադալյանի խոսքերով, երկիրը անցած տարի գրանցել է մեծ տնտեսական աճ:

«Իրոք, կա տնտեսական զարգացում», - համաձայնեց Միքայել Զոլյանը: - «Բայց այդ տնտեսական զարգացումը հասարակ մարդիկ իրենց վրա չեն զգում՝ հատկապես գյուղերը, մարզերը: Այդ տնտեսական զարգացումը արտահայտվում է նրանով, որ Երեւանի փողոցներում ավելի շատ ջիփեր են հայտնվում: Մինչդեռ ոչ աշխատատեղեր են բացվում, ոչ ժողովրդի սոցիալական վիճակն է բարելավվում»: Իսկ նման պայմանններում, ըստ երիտասարդ քաղաքագետի, շատ հեշտ է ժողովրդին տանել ցանկացած գաղափարի հետեւից:

«Դեռ լավ է, որ մեր ընդդիմադիրները մի քիչ չափավոր են», - ասաց նա:

Միքայել Զոլյանը, կայունությանն անդրադառնալով, ասաց, որ կողմ է զարգացում ենթադրող կայունությանը: - «Եթե կայունությունը նշանակում է լճացում, եթե կայունությունը նշանակում է մեկուսացում ամբողջ աշխարհից, ես դրան դեմ եմ», - ասաց նա: - «Այդ առումով այսօր, չեմ կարծում, թե կայունությունը մի գերխնդիր է, որի համար ամեն ինչ պիտի զոհենք: Մեզ պետք չէ կայունություն, որի պահպանման համար պիտի խախտվեն մարդու իրավունքները»:


Հրաչուհի Միրզոյան