Մամուլի տեսություն

Անցած կիրակի Գյումրիում տեղի ունեցած բախումների հետքերով «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը դիմել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, գնդապետ Խաչիկ Ասատրյանին. - «Կիսո՞ւմ եք տեղի ունեցածի պատասխանատվությունը»: Պատասխանը հետեւյալն է. - «Այդ օպերացիան ես անձամբ եմ ղեկավարել, ու այն հաջող է ընթացել: Ու եթե որեւիցե մեկը փորձի Գյումրիում եւ ընդհանրապես Շիրակի մարզում նման կարգի հանդիպում կազմակերպել, այսինքն՝ խուլիգանություն կատարել, վստահեցնում եմ՝ կարժանանա նմանատիպ համապատասխան հակահարվածի»:

«Եթե ընդդիմությունում ժողովրդավարական արժեքներն իսկապես կրող մեկը լիներ, ապա Գյումրիի հանրահավաքը ծեծկռտուքի չէր վերածվի», - իր հերթին ձեւակերպում է «Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանը: - «Ընդդիմադիրներին, չգիտես ինչու, թվում է, թե ժողովրդավարության կանոններով շարժվել պարտավոր են միայն իշխանությունները, իսկ իրենց ընդամենը պետք է ճառեն, թե ժողովրդավարությունը ինչ լավ ու անհրաժեշտ բան է... Ինչ վերաբերում է «Արդարություն»-ով չհիացողների մարմնավաճառ լինել-չլինելուն, ապա եթե նրանք նույնիսկ մարմնավաճառներ են, միեւնույն է, դա չի նշանակում, թե կարծիք արտահայտելու իրավունք չունեն»:

«Առավոտ» թերթը մյուս կողմից է մեղադրում, թե այսօր իշխանությունը խոսում է հանդուրժողականության եւ երկխոսության մասին, բայց երբեմն թվում է, որ այդ պահանջը բավականին միակողմանի է. դուք մեզ հանդուրժեք, իսկ մենք թույլ չենք տա, որ դուք ծպտուն հանեք: Թերթում նաեւ ընդգծվում է. - «Մարդկանց համար շատ դժվար է առանց կրքերի եւ ամբիցիաների լսել հակառակ կարծիքը: Մանավանդ՝ իշխանավորներին: Առավել եւս՝ թագավորներին: Վերջիններս, որպես կանոն, իրենց շրջապատում են պալատականներով, որոնք վարում են թագավորների ականջը շոյող խոսակցություններ: Ժողովրդավարական պետություններում կա դրա «հակաթույնը»՝ խոսքի ազատությունը: Ոչ միայն լրատվամիջոցներում, այլ նաեւ՝ խորհրդարանում, հրապարակներում: Եթե հիմա հեռուստադիտողները հնարավորություն ունենային հանգիստ տներում նստած նայել, թե ինչպես են բանավիճում տարբեր քաղաքական ուղղությունների գործիչները, տեսնել, թե իրականում ինչի մասին են մարդիկ խոսում ասուլիսներում եւ ինչ է իրականում կատարվում հանրահավաքների ժամանակ, մի՞թե դա ավելի ձեռնտու չէր լինի պետության եւ նույն այդ չարչրկված կայունության համար», - հարց է դնում «Առավոտ»-ը, - «քան այսօրվա վիճակը, երբ «պետականամետ» հեռուստաեթերով ընդդիմության հասցեին հերթական լուտանքը լսելուց, մարդիկ անդիմադրելի ցանկություն ունեն՝ փողոց վազելու»:

«Երկխոսության լիմիտը սպառված է. կողմերը պատրաստ են իրար սատկացնել» վերնագրի տակ «Հայկական ժամանակ» թերթն այսօր խտացրել է. - «Իշխանություն-ընդդիմություն ճակատամարտը կարելի է համարել մեկնարկած: Երեկ ԱԺ նիստից հետո երկու կողմերի ներկայացուցիչներն էլ հայտնեցին մինչեւ վերջ գնալու իրենց վճռականության եւ հակառակորդին հիմնահատակ ոչնչացնելու պատրաստակամության մասին»: Անդրադառնալով քաղաքական դաշտի առավելապես իշխանամետ հատվածներից հնչող առաջարկություններ՝ ապրիլին սպասվող դիմակայությունը մեղմելու, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ համաձայնության մոդուս գտնելու մասին, «Հայոց աշխարհ» թերթը վրդովվում է. - «Ի՞նչ կոմպրոմիս կարող է լինել իշխանության եւ ընդդիմության միջեւ, եթե վերջինս չի ճանաչում առաջինի օրինականությունը եւ պահանջում է անհապաղ հեռանալ քաղաքական ասպարեզից: Եթե տվյալ իշխանությունը տվյալ ընդդիմությանը ներառի իր մեջ, ապա սա նշանակում է, որ կաշառում է նրան՝ բերանը փակելու եւ իշխանություն ձեւավորած ժողովրդի թիկունքում գործարք կնքելու միջոցով: Նման գործարքն ինքնին նշանակում է քաղաքականության փոխարինում սկզբունքների պարզ առեւտրով: Նման կոմպրոմիսները իրականում հանդիսանում են «սահուն», «փուլային» կամ «սողացող» իշխանափոխության պարզ քողածածկույթներ: Մնացած պարագաներում», - գնահատում է «Հայոց աշխարհ»-ը, - «դրանք պարզապես սին խոսքեր են, որոնց արտաբերումը հնարավորություն է տալիս խուսափել քաղաքական պատասխանատվությունից եւ հնարավոր բախումների վտանգից փրկել ոչ թե երկիրը կամ ժողովրդին, այլ ուղղակի դիմակայությանը մասնակից ցանկացած կողմի խորտակվելու պարագայում մնալ ջրի երեսին»: «Հայոց աշխարհ»-ի շեշտադրմամբ, հաշտության բանաձեւ գտնելու ջանքերը կարող են դրսեւորվել միայն օրենքի խստագույն պահպանման եւ բռնության բացառման հարցերում:

«Մինչ Հայաստանում իշխանություններն ու ընդդիմությունը նախապատրաստվում են միմյանց «սատկեցնել», Ղարաբաղում ներքաղաքական կյանքը սովորականի պես հանգիստ է ու խաղաղ»- զուգադրում է այսօր «Ազգ» թերթը։ Երեք օր անցկացնելով ԼՂՀ տարբեր բնակավայրերում, «Ազգի» թղթակիցն արցախցիներին հարց է տվել՝ ինչպե՞ս են նրանք վերաբերվում Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակին, իշխանափոխության նախապատրաստական աշխատանքներին։ Թղթակիցը փոխանցում է. - «Նրանց համար կարեւոր չէ, թե Հայաստանում ով է նախագահ, ով ընդդիմություն։ Շարքային արցախցիները ցանկանում են կայուն Հայաստան, որովհետեւ, նրանց ասելով, Ղարաբաղի անվտանգության միակ երաշխավորը կայուն եւ հզոր Հայաստանն է եւ ոչ թե նախագահ Քոչարյանը կամ «ղարաբաղյան կլանի ողնաշարը ջարդելու պատրաստ» Վիկտոր Դալլաքյանը»։


Վաչե Սարգսյան