Ճարտարագիտական համալսարանի ուսխորհուրդը նշելու է հիմնադրման 10-ամյակը

«Նախատեսվում է ամբողջ տարվա ընթացքում իրականացնել մարզական, մշակութային, ուսումնական, ուսումնակրթական միջոցառումներ՝ սպարտակիադաներ, փառատոներ, ցուցահանդեսներ», - «Մաքսլիբերտի»-ի հետ հարցազրույցում ասաց Ճարտարագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ակարմազյանը: - «Այս տարի մեր աշխատանքային պլանում կընդգրկենք հայրենասիրական բնույթի միջոցառումներ. Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը կլինի երթ դեպի Ծիծեռնակաբերդ, Շուշիի ազատագրման օրը մոտ 50 ուսանողներ կգնան Շուշի եւ կանցնեն նույն ճանապարհը, որ անցել են հայ ազատամարտիկները Շուշին ազատագրելիս»:

Հայկը խոսքերով, իրենք ակնկալում են, որ Շուշիի ազատագրմանը նվիրված միջոցառմանը կմիանան նաեւ հայաստանյան այլ բուհերի ուսանողներ:

Ուսանողական խորհրդի դերի ու նշանակության շուրջ խոսելիս, Հայկ Ակարմազյանը հատուկ ընդգծեց, որ 1994 թվականին մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված ուսանողական խորհուրդը այսօր էլ աշխատում է նույն սկզբունքներով:

Այն, որ ուսանողների որոշակի զանգված դժգոհ է ուսխորհուրդների աշխատանքից, հատկապես ավելի հաճախ է հնչում «Զինապարտության մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողության բավական կազմակերպված եւ գոնե առայժմ հաջողության հասած բողոքի գործողություններում ուսանողական այդ մարմինների բավական կրավորական դերակատարությունից հետո: Դժգոհությունները տարբեր են՝ որոշակի քաղաքական կուսակցության քարոզչությունը տվյալ բուհում իրականացնելուց մինչեւ ուսանողության հոգսերից կտրվածությունն ու անձնական հարցեր լուծելու համար հասարակական դիրքն օգտագործելը:

Ակարմազյանի կարքիծով, սակայն, ուսխորհուրդների գործունեության մեջ առկա թերություններում մեղքի իրենց բաժինն ունեն հենց ուսանողները: «Ուսանողական խորհուրդը դա այն կառույցն է, որը պաշտպանում է ուսանողների շահերը, դրանք ներկայացնում է բուհի կառավարման մարմիններում», - ասաց նա՝ շարունակելով. - «Այն, որ շատ բուհերում ուսանողական խորհուրդները չեն գործում, կամ գործում են ինքնանպատակ, մեծապես կախված է ուսանողներից: Եթե ուսանողը պահանջում է, որ իր ուսանողական խորհուրդը աշխատի, ուսանողական խորհուրդը աշխատում է»:


Սեդա Պապոյան