Նախագահ Քոչարյանը նոր նշանակումներ է կատարում դատախազության համակարգում

Երկուշաբթի օրը նախագահ Քոչարյանի հրամանագրով նոր դատախազներ են նշանակվել Երեւանի համայնքների մեծամասնությունում: Մայրաքաղաքի 11 համայնքներից 7-ում դատախազությունների նախկին ղեկավարները պաշտոնանկվել են՝ փոխարինվելով նոր մարդկանցով:

Նախագահ Քոչարյանի մամլո գրասենյակի տարած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազ է նշանակվել Ջոն Ֆարխոյանը, Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ՝ Գեւորգ Թովմասյանը, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների դատախազ՝ Հակոբ Բաբայանը եւ Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների դատախազ՝ Գագիկ Խաչիկյանը:

Անցած շաբաթավերջին Կենտրոն համայքի թաղապետարանում նախագահը ակնարկել էր, թե ուժային կառույցների ուժեղացումը (անցած շաբաթ նոր նշանակումներ եղան նաեւ ոստականության համակարգում եւ նշանակվեց երկրի նոր գլխավոր դատախազ) նաեւ ընդդիմության ակտիվացման հետ է կապված:

«Կլինեն նաեւ որոշակի կադրային լուծումներ դատախազությունում, բացի գլխավոր դատախազից», - ասել էր Քոչարյանը: - «Այո, ուժեղացնում ենք այդ մարմինները, ուժեղացնում ենք բոլոր առումներով... Այն, ինչ դուք մտածում եք, այո, դա էլ կա»:

Ընդդիմությունը, մինչդեռ, անցած շաբաթավերջին Դավթաշեն համայնքում անցկացրած հերթական հանրահավաքում անդրադարձավ նախագահի՝ Կենտրոն համայնքի թաղապետարանում ընդդիմությանը տրած որակմանը, թե «քաղաքական բոմժությունը երկրի ապագայի համար վտանգավոր է»:

ՀժԿ ղեկավար անդամ, ԱԺ պատգամավոր Ստեփան Զաքարյանը, մասնավորապես, ասաց, թե իրենք լավ գիտեն, թե «այս պարագայում բոմժը ով է». - «Եվ այդ բոմժին շուտով վտարելու ենք երկրից»:

«Սա վերջին վեց տարիների ընթացքում Քոչարյանի առաջին ինքնախոստովանությունն է, քանի որ բոմժի մակարդակի արտահայտություններ միայն արել է Ռոբերտ Քոչարյանը», - ասաց դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը:

Հանրահավաքի իր ելույթում «Արդարություն» դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հավաքվածների հավաստիացրեց, որ ընդդիմությունը «ամբողջովին արդարացնելու է ժողովրդի սպասումները»:

Բազմաթիվ հարցերին, թե ի վերջո երբ են սկսվելու իշխանափոխությանն ուղղված գործողությունները, ելույթ ունեցողները խորհուրդ տվեցին մարտի 31-ին հեռուստատեսությամբ դիտել Ազգային ժողովի խումբ-խմբակցությունների հայտարարությունների մասին ռեպորտաժը:

«Այդ օրը մենք կհայտարարենք գործողությունները սկսելու կոնկերտ ժամկետը», - «Ազատություն» ռադիոկայանին պարզաբանեց Վիկտոր Դալլաքյանը:


Ռուզան Ստեփանյան եւ Լեոնիդ Զիլֆուղարյան