Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ» թերթի արձանագրմամբ, ժողովրդի դժգոհությունը գործող իշխանություններից «անթաքույց եւ շատ դեպքերում այլեւս խիստ պայթունավտանգ է, բայց 2003-ի փետրվարին ընդդիմության լիդերների արեւով երդվող ժողովուրդն այսօր նախկինի պես խանդավառ չէ նաեւ ընդդիմության նկատմամբ՝ վերջիններիս համարելով իրենց հույսերի կործանման պատճառը»: Որպես այս եզրահանգումների հիմնավորում «Հայկական ժամանակ»-ը բերում է օրերս Երեւանի կենտրոնում անցկացված իրենց լրագրողական հետազոտությունը: Առանցքում է եղել «հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում ում նախապատվություն կտան ընտրողները» հարցադրումը, եւ փոխանցվում է. - «Չնայած Արտաշես Գեղամյանն ու Ստեփան Դեմիրճյանը հարցման ակնհայտ լիդերներն էին՝ հարցման ենթարկված 73 քաղաքացուց 19-ը նախընտրում էր Արտաշես Գեղամյանին, իսկ 17-ը՝ Ստեփան Դեմիրճյանին, սակայն հարցին, թե ինչու են նրանք նախագահի պաշտոնում ուզում տեսնել հատկապես այդ գործիչներին, հիմնականում հնչում էին զգացական պատասխաններ»: «73 քաղաքացիներից 9-ն անվերապահորեն իրենց ձայնը տալու են Արամ Զավենի Սարգսյանին: Թե' այս գործչի, թե' Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում հասարակության ընտրությունը զգացական չէր», - համադրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը՝ առանձնացնելով եւ, որ Տեր-Պետրոսյանի կողմնակիցների թիվը նկատելիորեն աճել է: Այս հարցման տվյալներով, 73 քաղաքացուց 10-ը կտրականապես դեմ են արտահայտվել արտահերթ նախագահական ընտրություններին՝ ասելով, որ իրենք գործող նախագահի կողմնակիցներն են:

«Իրավունք» թերթի շեշտադրմամբ, կարճ ժամանակահատվածում արդեն երրորդ անգամ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունենում «հենց այն նպատակով, որ ցույց տա, թե իշխանափոխության համար որեւէ պատճառ չկա». - «Եվ դա արդեն ինչ-որ տեղ նմանվում է ոչ թե իրավիճակի արձանագրման, այլ յուրահատուկ քաղաքական հմայիլի՝ իշխանափոխությունից վախեցողը համառորեն պնդում է, որ իշխանափոխություն չի լինի»: «Իշխանափոխության թեման դառնում է համատարած քննարկման առարկա, եւ դրա մասին կամա-ակամա խոսում են բոլորը՝ վերջին ռամիկով սկսած, երկրի նախագահով վերջացրած», - ընդհանրացրել է մեկնաբանը:

«Մեր բոլոր գործողությունների հիմնական նպատակը կյանքի որակի բարելավումն է», - մեկ ամիս առաջ ասաց Ռուսաստանի նախագահ Պուտինը Մոսկվայի պետհամալսարանում իր ելույթում: «Հիմա կենտրոնանում ենք այլ՝ կյանքի որակը բարելավելու բանաձեւի վրա», - մեկ ամիս հետո Երեւանի պետհամալսարանում հռչակեց Ռոբերտ Քոչարյանը: Մինչ «Իրավունք»-ի առաջին էջին այս համընկնումը մատուցված է որոշակի հեգնանքով, «Հայոց աշխարհ» թերթը մի շարք այլ լրատվամիջոցների հետ ձեռնամուխ է եղել մեր կյանքի որակի բարձրացման առաջադրանքի լայնատարած լուսաբանմանը: Մեկնաբանը մասնավորապես գրում է. - «Առաջ քաշված նոր կարգախոսի եւ դրա իրականացման համար ծրագրվող բազմաթիվ կոնկրետ քայլերի հիմքում ընկած է այն ակնհայտ իրողության խոր եւ ամբողջական գիտակցումը, որ վերջին տարիներին երկրում արձանագրվող կայուն տնտեսական աճի եւ բնակչության տնտեսական, սոցիալական, կենցաղային եւ այլ պայմանների բարելավման գործընթացում սկսել են արձանագրվել որոշակի խզվածքներ, անհամապատասխանություններ ու ակնհայտ անհամամասնություններ: Ներկայումս երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը հասել է այն անհրաժեշտ մակարդակին, երբ կյանքի որակի բարելավման խնդիրը, կապվելով տնտեսության նոր որակի ապահովման առաջադրանքի հետ, կարող է ստեղծել այդ երկու ոլորտներում առկա առաջնահերթությունների իրականացման նոր հնարավորություններ... Նախագահի կողմից առաջ քաշվող նոր կարգախոսը միայն սոցիալական կամ կենցաղային խնդիրների լուծման պարզ առաջադրանք չէ, այլ կյանքի բոլոր ոլորտներում որակական տեղաշարժերի հասունացման ողջ գործընթացի արագացման կարեւորագույն բանալի»:

«Այբ-Ֆե» թերթի խմբագրականում այսօր սահմանված է. - «Իրականությունից հեռու են պատկերացումները, թե գործող քոչարյանական ռեժիմն ուժեղ է: Քոչարյանի հզորությունը պայմանավորված է բացառապես ընդդիմության անզորությամբ: Ռեժիմը կտապալվի նույն ակնթարթին, երբ կտեսնի իր առջեւ կանգնած կազմակերպված, վճռական, անելիք քայլերի հաջորդականությունը պատկերացնող որեւէ ուժ: Այսօրվա ընդդիմությունն այդպիսին չէ, ուստի Քոչարյանը կարող է առայժմ հանգիստ լինել»:

«Երկիր» թերթը ընդգծում է. - «Իշխանությունը չպետք է վարկաբեկի ողջ ընդդիմությանը, ընդդիմությունն էլ՝ ողջ իշխանությանը: Այլապես թե' ընդդիմությունը, թե' իշխանությունը պարտադրվում են իրենց ներուժը կենտրոնացնել միմյանց դեմ գործելու, իրար հանդեպ իրականացվող մեծ ու փոքր խայթոցներին հակադարձելու, ավելի ու ավելի շատ քարոզչությամբ, քան ռեալ գործով զբաղվելու վրա: Իսկ դրա արդյունքը մեկն է՝ ժողովուրդը հավասարապես ու հավասարաչափ հիասթափվելու է թե' մեկից եւ թե' մյուսից ու հույսը կապելու է ներսի ու դրսի ամեն տեսակի բախտախնդիրների ու գործակալների հետ, որոնք մարգարեի պսակով պարբերաբար հայտնվում են հայրենի քաղաքական երկնակամարում, կատարում իրենց վրա դրված պարտականությունը եւ չքանում՝ էլ ավելի խորացնելով հասարակության մեջ անկումային տրամադրություններն ու հիասթափությունը»:

«Մենք ամեն ինչ դարձրեցինք շա՜տ գետնաքարշ, շա՜տ իջավ արժեքային համակարգը», - ցավով փաստում է գրող, պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը՝ իրենց՝ ծնողների, մեղքը տեսնելով, որ ստեղծվում է երիտասարդության պալատամերձ տեսակ: «Կոմսոմոլը մեզ արդեն պիտի հուշի, թե ինչ սարսափելի բան է դա», - ասում է նա «Առավոտ»-ի հարցազրույցում: - «Այս մի փոքրիկ ածուն, որ կոչվում է «բազե» շքեղ անունով՝ ինձ շատ է մտահոգում: Բնական չեմ համարում, որ այդ տարիքում իշխանավորների ետեւից ընկած ու նրանց դուդուկի տակ պետք է պարեն երիտասարդները: Բա այդ դեպքում էլ ե՞րբ են նրանք կերտվելու որպես անհատականություններ ու կայանալու»:


Վաչե Սարգսյան