Կառավարության անդամների առաջին մարզային այցը արժանացավ սառը ընդունելության

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ այս ամսվա ընթացքում երկրի մարզերի այցելությունները՝ «կառավարութան գործունեությունը ներկայացնելու նպատակով», կառավարության մի շարք անդամներ այսօր սկսեցին Կոտայքի մարզից: Գառնի գյուղում գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, կրթության եւ գիտության նախարարների, տարածքային կառավարման նախարարության եւ Ջրային տնտեսության կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաները արժանացան տեղացիների սառը ընդունելությանը:

Գյուղի մշակույթի պալատում կազմակերպված հանդիպմանը գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը ասաց, թե կառավարությունը աշխատել է «լռելյայն»՝ «հեռուստատեսությամբ չխոսելով, չհայտարարելով», իսկ այժմ որոշել են բարձրաձայնել այդ ամենը, քանի որ կառավարության այդ ջանքերը մնում են չգնահատված:

Նախարարի խոսքերով, մինչդեռ, նրանք, ովքեր ոչինչ չեն անում (խոսքը, ակնհայտորեն, ընդդիմության մասին էր ), «գալիս են, հայհոյում ու գնում»:

«Մարդիկ ոգեւորում են ձեզ, դուք հայհոյում եք, դուք դարդ ու ցավերն ասում եք, իրենք թողնում-գնում են... Ինքը իր խնդիրը լուծեց, բայց ձեր պրոբլեմը չլուծվեց», - գառնեցիներին բացատրեց Լոքյանը՝ շարունակելով. - «Պրոբլեմը լուծելու է կառավարությունը: Դուք պիտի մեզ հայհոյեք էլ, դուք պիտի մեզանից պահանջեք էլ, դուք պիտի մեզ վրա ճնշում էլ գործադրեք, բայց պիտի այդ ամբողջը լինի հնարավորությունների սահմաններում»:

Գյուղացիները, սակայն, շնորհակալական որեւէ խոսք չասացին: Փոխարենը բացեիբաց արտահայտեցին իրենց դժգոհությունը՝ նախարարների այցի նպատակն էլ բացատրելով այսպես. - «Հանրապետության վիճակը տեսնելով, եկել են, որ հեղափոխություն չլինի»:

«Մեկ շաբաթ առաջ ընդդիմադիրը եկել էր այստեղ, 2-3 հազար հոգի եկել էր հանդիպման, շատ ջերմ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի տարեց գառնեցի՝ եզրակացնելով. - «Սա հակաքայլ էր ընդամենը: Ուրիշ ոչ մի բան»:

Գյուղացիները բողոքում էին, թե խմելու ու ոռոգման ջուր չկա, թանկացել են պարարտանյութն ու թունաքիմիկատները, թանկացել է հացն ու այլ սննդամթերքը:

«Ծաղկաձորում տուրնիկ խաղալու համար 50 միլիոն կծախսես», - երկրի նախագահին նկատի ունենալով՝ մի վրդովված գյուղացի ասաց տարածքային կառավարման նախարարի տեղակալ Գագիկ Ասլանյանին: - «Բայց այստեղ ջուր չես բերում, որ ժողովուրդը խմի... Սա ի՞նչ ղեկավարություն է»:


Շաքե Ավոյան, Երեւան