Երվանդ Զախարյան. «Երեւանի քաղաքապետը պիտի լինի նշանակովի»

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զաքարյանը երկուշաբթի օրը հնչեցրեց իր համոզմունքը, որ մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը պիտի մնա նշանակովի՝ հակադրվելով տեղական ինքնակառավարման Եվրոպական կոնգրեսում ներկայացված զեկույցին:

Անցած նոյեմբերին տեղական ինքնակառավարման Եվրոպական կոնգրեսում ներկայացվեց է Հայաստանին վերաբերող մի զեկույց, որով առաջարկվել է երկրի բնակչության գրեթե մեկ երրորդի բնակավայր հանդիսացող մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ընտրովի դարձնել: Ներկայումս Երեւանի քաղաքապետը նշանակվում է երկրի նախագահի կողմից՝ վարչապետի ներկայացմամբ:

«Երեւանի քաղաքապետը, իմ կարծիքով, իրոք պիտի լինի նշանակովի», - քաղաքապետարանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Երվանդ Զաքարյանը: - «Այլ բան է հետագայում, Սահմանադրության սահմաններում, Երեւանը ունենա ընտրովի ավագանի»:

Ասուլիսում քաղաքապետը ավելի շատ խոսեց գալիք տարվա ծրագրերի մասին: Ձմռանը հրատապ հարցի՝ ջեռուցման վերաբերյալ ասվեց, թե 2004 թվականին մայրաքաղաքում կարող է լոկալ (տեղական) ջեռուցման համակարգերի ներդրման ակտիվ գործընթաց սկսվել:

«Կա երկու մոտեցում լոկալ ջեռուցման համակարգի հետ կապված», - պարզաբանեց քաղաքապետը. - «Յուրաքանչյուր բնակարան կունենա իր առանձին ջեռուցման համակարգը: Եվ կա երկրորդ մոտեցումը՝ յուրաքանչյուր շենքի տանիքում տեղադրվում է առանձին կաթսա»:

Քաղաքապետը, հնչեցնելով իր անձնական կարծիքը, նախապատվությունը տվեց յուրաքանչյուր բնակարանը առանձին ջեռուցելու համակարգին: «Որովհետեւ այդտեղ կորուստը մինիմալ է լինում», - փաստարկեց նա:

Մեկ սենյականոց բնակարանի ջեռուցման համակարգը կարժենա 1000 դոլար՝ երկու սենյականոցներինը՝ 1200 դոլար, երեք սենյականոց բնակարանների համար՝ 1500 դոլար:

Իսկ կենտրոնացված ջեռուցում մայրաքաղաքում գալիք տարվանից չի լինելու (թեեւ մինչ այժմ էլ կետրոնական ջեռուցմամբ տաքացվում էր մայրաքաղաքի շենքերի փոքր մասը միայն): Դա պայմանավորված է հիմնականում նրանով, որ Երեւանի քաղաքապետարանը նախորդ տարիների ջեռուցման համար չի կարողանում վճարել 4 միլիարդ դրամ պարտքը «Հայռուսգազարդ»-ին եւ 2,5 միլիարդ դրամ պարտքը՝ «Հայգազարդ»-ին:

Քաղաքապետարանի՝ անցնող տարվա ամենամեծ ձեռքբերումը Երվանդ Զախարյանը համարում է ֆինանսական վիճակի բարելավումը, ինչը արդյունք է գույքահարկի գանձումը հարկային մարմիններից թաղապետարաններ փոխանացելու: Զախարյանի փոխանցմամբ, այդ միջոցները ծախսվելու են հիմնականում Երեւանի «ոչ կենտրոնական փողոցները» վերանորոգելու նպատակով: Մայրաքաղաքի կենտրոնական փողոցները անցած երկու տարիների ընթացքում վերանորոգվել են «Լինսի» հիմնադրամի միջոցներով:

Քաղաքապետը այսօր հայտարարեց նաեւ, որ մշակվել է Երեւանի զարգացման հիմնադրույթների փաթեթը 2004-2007 թվականների համար: Փաստաթուղթը ներկայացվել է կառավարություն:
Զախարյանը հույս ունի, որ ընդունվելիք փաթեթը հնարավորություն կտա ոչ միայն պահպանել քաղաքային տնտեսության վիճակը, այլեւ բարելավել այն:


Արմեն Զաքարյան, Երեւան