Մամուլի տեսություն

«Հայկական ժամանակ» թերթի լրատվությամբ, շաբաթ երեկոյան իշխանական կոալիցիայի քաղաքական խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ վերջինս հատկապես «Օրինաց երկիր»-ին ու մի քիչ էլ Դաշնակցությանը բավականին կոշտ ձեակերպումներով հրահանգել է վերջ տալ անտեղի պոպուլիզմին ու զբաղվել լուրջ գործով: Քոչարյանն Արթուր Բաղդասարյանին էլ խորհուրդ է տվել հետեւել բյուջեի քննարկման ժամանակ իր խմբակցության անդամների ելույթներին, որտեղ, ըստ նախագահի, պոպուլիզմից բացի այլ բան չկա: «Ինչքան ավելի ու ավելի է բացվում ու բացահայտվում մեր քաղաքական ու պետական գործիչների մտավոր ու հոգեւոր սնանկությունը, այնքան նրանք ավելի ու ավելի հաճախ են խոսում բարոյականությունից ու հայրենասիրությունից», - մատնանշում է այսօր «Այբ-Ֆե» թերթը. - «Հայ պաշտոնյան կարող է ժամերով հայրենասիրությունից խոսել եւ առանց խղճի խայթի թալանել իր իսկ ժողովրդին... Հայ պատգամավորը կարող է ազնվությունից ու հայրենասիրությունից ճառել եւ, միեւնույն ժամանակ, ընտրակաշառքով խաբել ու ստորացնել իր իսկ ժողովրդին...Եվ որքան մեր ընդդիմադիր ու իշխանամետ գործիչները շատ են խոսում հայրենասիրությունից, այնքան ավելի ու ավելի ենք համոզվում, որ հայրենասիրությունը բիզնեսի լավագույն միջոցն է Հայաստանում»: «Առավել զարմանալին այն է, որ ժողովրդի մի մասը դեռեւս շարունակում է հավատալ դրանց: Հավանաբար, ուրիշ ճար չունի», - եզրափակում է «Այբ-Ֆե»-ն: «Երբ պոպուլիզմի տեղը գալիս է, շատերը խոսում են թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների գումարները բարձրացնելու մասին: Կառավարությունն այս քայլով, ըստ էության, պատասխանում է նման կոչերին», - «Հայոց աշխարհ» թերթում ասում է Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում հարկային օրենսդրության փոփոխության փաթեթի շուրջ ծավալված բանավեճին. - «Կառավարությունը քայլ է կատարում մտնելու խոշոր բիզնեսի դաշտ, որտեղ մեծ է ստվերը, գերշահույթները, «տանիքներ» են գործում եւ ձգտում է այդ տնտեսավարողներին հրավիրել իրենց իրական հնարավորությունների չափով մասնակցելու պետական բյուջեի եկամտային մասի ձեւավորմանը»: «Փոքր եւ միջին բիզնեսից այլեւս ստանալու շատ քիչ բան կա: Նրանք առանց այդ էլ տալիս են, ինչ կարող են, դեռ մի բան էլ ավելի», - ընդգծում է Հերմինե Նաղդալյանը: - «Կառավարության այս քայլն անխուսափելի էր. անդրադառնալ այն ոլորտներին, որոնք առավել ստվերային են, ուր գործում է խոշոր բիզնեսը: Նրանց ընկերությունները աճում են, բարգավաճում, բայց փաստաթղթերում հարկային վնաս է ներկայացվում»:

«Իշխանության տարբեր թեւերը շտապում են իրականացնել սեղանի տակ իրար խայթելու գործընթացը, քանզի հաջորդ նման առիթը լինելու է արդեն Ազգայի ժողովի հաջորդ նստաշրջանին», - ընթացքից խտացնում է այսօր «Իրավունք» թերթի մեկնաբանը՝ հատկապես շեշտադրելով. - «Հարկային փաթեթի քվեարկությունը ցույց կտա, թե ինչքանով է Հանրապետական կուսակցությանն ու Անդրանիկ Մարգարյանին հաջողվում վերահսկել իրավիճակը խորհրդարանում»: Խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանի հայացքով, Ազգային ժողովը դարձրել են առանձին կլանների բիզնես-շահերի պաշտպանության գործիք եւ ուրիշ ոչինչ: «Վստահ եմ, որ եթե Ազգային ժողովում լոտոյի տերերը պատշաճ ներկայացված լինեին, «ազգընտիրները» այդքան սկզբունքային չէին գտնվի», - մատնանշել է Սահակյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում: - «Այլապես ոչ պակաս հակահասարակական է ծխախոտի տարաշխարհիկ գովանդը, իսկ այդ մասին «ազգընտիրները» լռում են: Թերեւս այն պատճառով, որ ծխախոտ արտադրողներն ու ներկրողները Ազգային ժողովում լիուլի ներկայացված են»: «Առավոտ»-ում արձանագրվում է, որ չնայած օրենքն արգելում է՝ հեռուստաալիքներով օղու կիսասքողված գովանդը եւս շարունակվում է:

Մի քանի թերթում այսօր ամրագրվում է, որ հեռուսատակապուղու համար մրցույթում հիմա էլ Դաշնակցությունն է ուզում փակել «Ա1+»-ի ճանապարհը՝ ասպարեզ հանելով իր սեփական հեռուստաընկերությունը: Ըստ վերջինիս տնօրենի, ում հետ զրուցել է «Առավոտ»-ի թղթակիցը, եթե նույնիսկ մի քանի դաշնակցականներ էլ լինեն հեռուստախմբագրությունում, չի նշանակում, որ այն Դաշնակցությանն է: «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, սակայն, «Այբ-Ֆե» թերթում պնդում է. - «Գիտեմ, որ կուսակցություն է կանգնած թիկունքին եւ գիտեմ, թե որ կուսակցությանն է»: «Մենք արդեն գիտենք, թե ինչի համար են պետք այսպիսի ալիքները՝ շատ ակտիվ փողեր լվանալու համար՝ լոտոների եւ հնարած շոուների միջոցով», - նշում է Մովսեսյանը: - «Կուսակցություններին էլ դա պետք է քարոզչական աշխատանքները ամրապնդելու համար»:


Վաչե Սարգսյան