Կանխվել է սիբիրախտով վարակված մսի վաճառքը

Մայրաքաղաքի ամենամարդաշատ շուկաներից մեկում հոկտեմբերի 14-ին անցկացված ստուգումների ժամանակ հայտնաբերվել էր սիբիրախտով հիվանդ անասունի միս: Այն, բարեբախտաբար, հանվել է վաճառքից եւ չի հասել սպառողներին, սակայն վերջին երեք ամսում երրորդ անգամ շուկայում սիբիրախտով վարակված մսի հայտնաբերումը լուրջ անհանգստություն է առաջացրել:

Ըստ Երեւանի քաղաքապետարանի անասնաբուժական սպասարկման կենտրոնի փոխտնօրեն Արմեն Ավագյանի, իրենք բազմիցս զգուշացրել են բակային մորթերի եւ չկանոնակարգված վաճառքի դեմ պայքարը խստացնելու անհրաժեշտության մասին:

«Մենք բազմիցս ահազանգել ենք, ահազանգում ենք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ավագյանը՝ ավելացնելով, որ միաժամանակ հասկանում են, որ հնարավորություն չկա. - «[Չեն գործում] մսի կոմբինատները, շրջաններում քանդվեցին-վերացան սպանդանոցները, եւ համատարած գլուխ բարձրացրեց բակային մորթը, որը դիտվում է արգելված մորթ»:

Բակային մորթին հետեւում է բակային վաճառքը, եւ սպառողները պաշտպանված չեն հիվանդ անասունի միս գնելու վտանգից:

Քաղաքապետարանում հարցը կարգավորելու տարբերակներ են մշակվում: Ավագյանի խոսքերով, առաջին հերթին հարկավոր է անհապաղ կանխել Երեւանի շուկաներում տեղի ունեցող գիշերային չկանոնակարգված առեւտուրը:

Անցած շաբաթ հայտնաբերված միսը Երեւան էր բերվել Վարդենիսի Լուսակունք գյուղից, որի բնակիչը ունեցել է առանց սահմանափակումների մսամթերքը իրացնելու թույլտվություն: Արմեն Ավագյանի խոսքերով, նա միսը բերել էր՝ ունենալով Վարդենիսի անասնաբուժական կենտրոնի համապատասխան վկայականը, որը առկայությունը բավարար է, որպեսզի Երեւանի անասնաբույժները թույլ տային դրա վաճառքը: Բարեբախտաբար կատարվել էր կրկնակի ստուգում:

Դեռեւս չի հայտնաբերվել հիվանդ անասունի կաշին: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց գյուղնախարարության անասնաբուժական սպասարկման վարչության պետ Տիգրան Գասպարյանը, ներկայումս լաբորատոր ստուգումների ընթացքում են մի քանի նմուշներ: «Եթե այդ նմուշների մեջ չհայտնաբերեն, կշարունակենք որոնումները մինչեւ գտնենք», - վստահեցրեց նա:


Շաքե Ավոյան, Երեւան