Օտարերկրյա իրավապաշտպանները քննադատում են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրինագիծը

Շաբաթ օրը Երեւանում ավարտվեցին 15 երկրների իրավապաշտպանների ու փորձագետների մասնակցությամբ «Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի ընդունմանն ընդառաջ» սեմինար-քննարկումները: Ցավոք, այդ քննարկումներն անցան Ազգային ժողովի կողմից համապատասխան օրենքը երկրորդ ընթերցմամբ հաստատելուց հետո, իսկ երրորդ ընթերցման ժամանակ, ինչպես հայտնի է, հնարավոր են սոսկ խմբագրական փոփոխություններ:

Սեմինարի կազմակերպիչներից Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կոմիտեի նախագահ Գեորգի Վանյանը, կարծես արդարանալով, որ գարնանը ծրագրված սեմինարը կայացավ միայն աշնանը, ասաց. - «Անհույս համարելով օրենքում որեւէ փոփոխություն կատարելը, շեշտադրումը մենք դրեցին այլոց փորձը յուրացնելու վրա»:

Երկօրյա քննարկումների ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց երկրների փորձը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձեւավորման վերաբերյալ: Նաեւ խիստ քննադատություն հնչեցրին հայաստանյան օրենքի նախագծի հասցեին՝ հատկապես շեշտելով, որ այն մարդու իրավունքների պաշտպանին անկախության երաշխիքներ չի տալիս, որ օմբուդսմանին (համենայն դեպս մինչեւ սահմանադրական փոփոխություններ կատարելը) նշանակելու է երկրի նախագահը:

Քննարկման կազմակերպիչներից Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի փոխանցմամբ, գրեթե ոչ մի երկրում, այդ թվում՝ նաեւ նախկին խորհրդային հանրապետություններում, մարդու իրավունքների պաշտպանին գործադիր իշխանությունը կամ երկրի նախագահը չի նշանակում:

«Բոլոր տեղերում հնարավորին չափ ապահովված է օմբուդսմանի անկախությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Իշխանյանը՝ ավելացնելով, որ այդ հանգամանքը շեշտվել է սեմինարի գրեթե բոլոր մասնակիցների ելույթներում:

Լեհաստանի օմբուդսմանի գրասենյակի տնօրեն, ԵԱՀԿ փորձագետ Անջեյ Մալանովսկին, օրինակ, երկու անգամ իր դիտողությունները ներկայացրել է Հայաստանի Ազգային ժողովին եւ երկու դեպքում էլ քննադատել է օրինագիծը: Նրա խոսքերով, օրինագծում բավականին շատ են թույլ կողմերը, չկան երաշխիքներ, որ օմբուդսմանի ինստիտուտը կարող է անկախ լինել գործադիր իշխանությունից:

«Վտանգ կա, որ այն փաստորեն ենթարկվելու է գործադիր իշխանությանը», - «Ազատություն» ռադիոկայանի ասաց Մալանովսկին: - «Օմբուդսմանին նշանակում է հանրապետության նախագահը, ինչն արդեն վտանգավոր երեւույթ է»:

Լեհաստանում մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքն ընդունվել է 1987-ին, եւ Մալանովսկին անկեղծորեն ասաց. - «Նույնիսկ այդ օրենքը շատ ավելի լավն էր, քան ձեր նախագիծը»:

Լեհ իրավապաշտպանի եւ փորձագետի կարծիքով, պակաս կարեւոր հանգամանք չէ, թե ով կնշանակվի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան: Լեհաստանի փորձը վկայում է, որ նույնիսկ կոմունիստական շրջանում հնարավոր էր անկախ իրավապաշտպան ունենալ: Լեհաստանում առաջին օմբուդսմանը երկրի գիտությունների ակադեմիայի գիտական աշխատող, քաղաքացիական իրավունքի մասնագետ էր, ով ոչ մի կուսակցության կամ քաղաքական խմբի անդամ երբեւէ չէր եղել: Եվ հենց նրա շնորհիվ կայացավ այդ ինստիտուտը:

«Հայաստանի իշխանություններին, այս դեպքում հանրապետության նախագահին պարզապես քաղաքական կամք է պետք դրսեւորել եւ նշանակել ճիշտ ու անկախ մարդու», - ասաց լեհ փորձագետը: - «Չէ որ այդ ինստիտուտի լավ աշխատանքը նաեւ իշխանություններին է պետք: Եթե ինստիտուտը քննադատող լինի, ցույց կտա թերությունները, իսկ ձեւական մարմինը որեւէ օգուտ չի տա ոչ իշխանություններին, ոչ ժողովրդին»:

Հարցին, թե կա արդյո՞ք Հայաստանում իրավունքի անկախ մասնագետ, որ որեւէ կուսակցության անդամ չի եղել, դուրս է քաղաքական գործընթացներից, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. - «Հայաստանում շատ քիչ կարելի է գտնել անձեր, որոնք ներքին անկախություն ունեն, եւ նրանք հոգեբանորեն միշտ կախման մեջ են լինում իշխանություններից»:


Կարինե Քալանթարյան, Երեւան