Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը շաբաթ օրը լրագրողներին հավատացրեց, թե ընդդիմությունը, նախ, միասնական է եւ ապա՝ ակտիվ գործենեություն է ծավալելու ինչպես խորհրդարանում, այնպես էլ խորհրդարանից դուրս:
«Մենք ունենք երկրում միասնաբար օրինականություն հաստատելու խնդիր եւ չպետք է տեղավորվել Քոչարյանի գծագրած սխեմայում՝ «Բաժանիր, որ տիրես»: Ընդդիմությունը ոչ թե պետք է պայքարի իր մեջ իրար դեմ, այլ պետք է պայքարի երկրում օրինական իշխանություն հաստատելու համար», - հայտարարեց Վիկտոր Դալլաքյանը՝ շարունակելով. - «Մենք պետք է աջակցենք Արտաշես Գեղամյանի կողմից նախաձեռնված ստորագրահավաքին: Իսկ մեր գործընկերները պետք է մեզ աջակցեն վստահության հանրաքվեի անցկացման հետ կապված»:
«Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հմայակ Հովհաննիսյանը, մինչդեռ, խոսելով նախագահ Քոչարյանի նկատմամբ վստահության հանրաքվե անցկացնելու նպատակով 1 միլիոն ստորագրություն հավաքելու իրենց նախաձեռնության մասին, ասաց, որ ստորագրահավաք անցկացնելու վերաբերյալ համատեղ հայտարարություն արվել է, սակայն ժամկետների առումով վերջնական որոշում դեռ չի կայացվել: Իրենց կարծիքով, ճիշտ ճանապարհը ստորագրահավաքն է եւ ոչ Ազգային ժողովում վստահության հանրաքվե անցկացնելու մասին որոշման նախագիծ առաջարկելը: Մանավանդ որ, խորհրդարանում ընդդիմությունը միայն 25 ձայն ունի:
«Առաջին եռօրյան ցույց տվեց, որ այս խորհրդարանի միջոցով վստահության հանրաքվե անցկացնելու մասին Սահմանադրական դատարանի առաջարկը կյանքի կոչել հնարավոր չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Իսկ Վիկտոր Դալլաքյանն այսօր ասաց, որ «Արդարություն» խմբակցությունը հանդես գալու է վստահության հանրաքվեի անցկացման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ:
«Մենք մեր գործունեությունը պետք է զուգակցենք ժողովրդական շարժման հետ, որը կլինի եւ վստահության հանրաքվեի հետ կապված: Որովհետեւ դա պետք է լինի միայն Ազգային ժողովի շրջակայքում ժողովրդի ճնշման պարագայում», - ավելացրեց նա:
Ներկայացնելով «Արդարություն» դաշինքի ներխորհրդարանական եւ արտախորհրդարանական հետագա գործունեությունը, Վիկտոր Դալլաքյանը փոխանցեց. - «Երկուշաբթի օրը «Արդարություն» խմբակցությունը օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ կմտցնի երկու փաստաթուղթ: Առաջինը՝ որ Քրեական օրենսգրքում կատարվեն համապատասխան փոփոխություններ, ինչը կբացառի ներման հնարավորությունը եւ ազատազրկումը կլինի իրոք ցմահ այդ երեք դեպքերի համար»:
Այսինքն, ներում չի շնորհվի այն անձանց, ովքեր ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն, տեռորիստական ակտ կամ մանկահասակ աղջկա բռնաբարություն են կատարել:
Երկուշաբթի շրջանառության մեջ դրվելիք մյուս որոշման նախագիծը առաջարկում է ստեղծել ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով, որը, ըստ Դալլաքյանի, պետք է ուսումնասիրի 2003 թվականի հունվարի 9-ից մինչեւ հունիսի 15-ը «Հոկտեմբերի 27»-ի դատավարության հետաձգման փաստերը:
«Այսինքն՝ մենք պետք է պարզենք, որ դատարանի դահլիճում, երբ Վռամ Գալստյանը հայտարարում էր, որ ինքը հիվանդ չի եղել, որ իրեն բռնի սրսկումների են ենթարկել, ինչպիսի՞ փաստաթղթեր կան այս հարցերի վերաբերյալ», - պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցմանը, թե «Հոկտեմբերի 27»-ի գործին առնչվող փաստերն ուսումնասիրող նախկինում գործած ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովները որեւէ շոշափելի արդյունքների չհասան, Վիկտոր Դալլաքյանը հակադարձեց, թե այս անգամ Ազգային ժողովը «վճռական կլինի»:
«Համենայն դեպս ընդդիմությունը վճռական է լինելու այս հարցում», - ավելացրեց նա:
Կարինե Քալանթարյան, Երեւան