ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի նոր համանախագահը ճանաչողական այցով կժամանի Հայաստան

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Յուրի Մերզլյակովը, որն այս ամսվա սկզբին արդեն եղել է Ադրբեջանում, սեպտեմբերի 8-10-ը ճանաչողական այցով կժամանի Հայաստան:

Մերզլյակովը նախ կմեկնի Լեռնային Ղարաբաղ, հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարների հետ, իսկ սեպտեմբերի 10-ին ծրագրված են նրա հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ:

Բանակցային գործընթացին մոտ կանգնած, քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, Մինսկի խմբում Ռուսաստանի ներկայացուցչի փոփոխությունը կրում է զուտ ռոտացիոն բնույթ. արդեն նախկին համանախագահ Նիկոլայ Գրիբկովը խմբում աշխատեց ավելի քան 5 տարի:

Սովորաբար Միսնկի խմբում համանախագահող երկրների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողմից նոր նշանակվող դիվանագետները մեկ՝ տարածաշրջանային այցով էին ավարտում իրենց ճանաչողական առաքելությունը: Յուրի Մերզլյակովի առանձին Բաքու եւ հետո Երեւան այցելելը, սակայն, որեւէ քաղաքական ենթատեքստ չունի:

Հայաստանում հանդիպումներ ունենալու համար այդ օրերը պարզապես հարմար չէին: Նախագահ Քոչարյանը պատրաստվում էր վաղը սկսվելիք պաշտոնական այցելությանը Բուլղարիա, արտգործնախարար Օսկանյանը Վիեննայում մասնակցում է միջազգային խորհրդաժողովի, պաշտպանության նախարար Սարգսյանը Ռուսաստանում է, ուր Աստրախանում անցկացվող զորվարժություններին մասնակցում են նաեւ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երկարամյա միջնորդական ջանքերը առայժմ շոշափելի արդյունքների չեն հանգեցրել: Գործընթացը անցած տարեվերջից սառեցված է՝ նկատի ունենալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահի ընտրությունները: Ընդհատվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները, սակայն՝ պայմանավորված ավելի շատ վերջինիս առողջական վիճակով:

2003 թվականի ընթացքում միջնորդները դեռ չեն եկել տարածաշրջան: Հակամարտ կողմերն ու միջնորդները, բանակցությունները վերսկսելու համար սպասում են Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ավարտին:

Միջազգային միջնորդները բազմիցս ասել են, որ այդ ընտրություններից հետո ակտիվացնելու են ջանքերը: Նախապատրաստական աշխատանքները արդեն ընթացքում են՝ համանախագահների հանդիպում է ծրագրված Վիեննայում սեպտեմբերի 15-ին, սեպտեմեբրի 30-ին նրանք հանդիպելու են ԵԱՀԿ գործող նախագահին: Իսկ նրանց հերթական տարածաշրջանային այցը ակնկալվում է Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո՝ նոյեմբեր-դեկտեմբերին:

Ադրբեջանի նախագահի թեկանծուների թվում են նաեւ հայ եւ որդի Ալիեւները: Հեյդար Ալիեւը դեռեւս բուժվում է Միացյալ Նահանգներում, իսկ վերջերս երկրի վարչապետ նշանակված Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 18-19-ին Յալթայում մասնակցելու է ԱՊՀ գագաթնաժողովին: Յալթա են մեկնելու նաեւ Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը:

Հայաստանի նախագահի խոսնակ Աշոտ Քոչարյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ Յալթայում հանդիպում կայանա Քոչարյանի եւ կրտսեր Ալիեւի միջեւ, ասաց, թե ԱՊՀ գագաթնաժողովի օրերին կայանալիք հանդիպումների վերաբերյալ դեռ որեւէ պայմանվորվածություն չկա:


Հրաչ Մելքումյան, Երեւան